Հայաստանի նկարիչների միությունում կայացել է բանաստեղծուհի, ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի (1995-99թթ) խորհրդարանի պատգամավոր Մարգարիտա Վարդանյանի «Երբ դառնամ դեղձենի» և «Աֆորիզմներ» գրքերի շնորհանդեսը։
«Երբ դառնամ դեղձենի»–ն Վարդանյանի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն է․ նրա առաջին գիրքը՝ «Մի բուռ աստղային փոշի» վերնագրով հրատարակվել էր 2016 թվականին։
Մարգարիտա Վարդանյանը ծնվել է 1950թ․ Վրաստանում, ապա 12 տարեկանում տեղափոխվել Երևան։ Մասնագիտությամբ դեղագետ է, երկար տարիեր դասավանդել է Երևանի բժշկական համալսարանում, աշխատել որպես դեղատների վարչության գլխավոր տնօրեն։ Եղել է առողջապահության ոլորտից ընտրված ԱԺ առաջին կին պատգամավորը․ անդամակցել է «Բարեփոխումներ» պատգամավորական խմբին։
Մարգարիտա Վարդանյանի բանաստեղծությունները նման են կտավների՝ որտեղ պատկերները հաջորդում են իրար, մերթ զվարթ, մերթ՝ խոհուն, հուզական։ Նրա գործերը կարծես վրձնահարվածներ լինեն, յուրօրինակ գույների խաղ՝ բառերի տեսքով։ Միաժամանակ նրա ստեղծագործությունները յուրօրինակ երկխոսություններ են, մտասուզումներ, որտեղ հեղինակը փորձում է բացահայտել կյանքի իմաստը և գտնել մի շարք հարցերի պատասխաններ։
«Բառե՞ր, թե՞ վրձնի հարվածներ կամ «Սև քառակուսու» առջև» ստեղծագործության մեջ նա գրում է․
Բառերը չափացանց ճշգրիտ են,
Կիսաերանգները միայն լացնում են․
Նրանք անվանում են, կոչում
Հեգնում, կսմթում, խոցում,
Զրնգում, բացում, ցուցադրում
Իրերը, մարդկանց, բնությունը․․․
Բառերը փշրում են դատարկությունը,
Լցնում, գրավում երևակայությունը՝
Որպես դաջվածք ու խարան,
Չեն թողնում միջոց ու հնար
Գուշակության, փնտրտուքի, խաղի,
Չես ավելացնի, չես պակասեցնի, չես ուղղի
Իսկ նկարը առեղծված է․․․
Ոնց էլ նայես,
Գոյի կորիզ դու կտեսնես լուսագծվծ,
Վրձնի լեզվով ծածկագրված
Լույսի, մթի շղարշներով վարագուրված․․․
Նկարիչների միությունում հավաքվել էին բանաստեղծուհու հարազատները, մտերիմները, ընկերները, արվեստասեր մարդիկ։
Բանաստեղծուհու խոսքով, գրքերը գրվել են 7 տարի: «Գրքերը գրվել են երկար ու սիրով: Դրանք լիակատար «սաղմանավորվել են», անցել «հղիության» ամբողջ ժամանակաշրջանը և ծնվել են՝ առողջ, փարթամ: Հիմա պետք է մենք տարածենք, խնամենք, մեծացնենք և փորձենք իրենց ինքնուրույն կյանքի ուղղորդել»,-նշեց հեղինակը՝ հավելելով,- «Ես շատ հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ եմ գրում։ Բայց երբ հարցը ծնվում է, նաև հարց եմ տալիս ինչո՞ւ եմ ապրում։ Դրանք մոտավորապես նույն փիլիսոփայական հարթության հարցեր են»։։
Երբ որոշեցի պոետ դանալ
Ինձ ասացին, որ բոլոր բանաստեղծություններն
Արդեն վաղուց գրվել են,
Մի քանի տողեր են մնացել միայն
Դեպի անհայտություն տանող ռելսերի տակ,
Դրանց վրայով
Դեռ գնացքներ են գալիս ու գնում․․․
ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, անդրադառնալով Մարգարիտա Վարդանյանի ստեղծագործություններին, մեջբերեց «Երբ որոշեցի պոետ դառնալ» բանաստեղծությունը, նշեց, թե թվում է՝ բոլոր բանաստեղծությունները գրվել են, բոլոր խոսքերն արդեն ասվել են, չկա այլևս նոր բան, բայց մինչև վերջ ոչինչ ասված չէ․ «Ամեն գրող ինքն է ստեղծում իր խոսքը։ Երբեք չմտածեք, որ Գյոթեն, Դանթեն ասել են, ու վերջ։ Ամեն ժամանակ բերում է իր խոսքը, ամեն գրող բերում է իր խոսքը»։
Երբ գարունը գա,
Ամեն ինչ կփոխվի․․․
Մենք մեր ցավը կկիսենք
Հիշողություն չունեցող
Բողոջների հետ,
Իսկ քենն ու դառնությունը
Կխառնեք անձրևների
Թաց երջանկությանը․․․
Երկնի զառ կապոյթին
Կպատմենք ամեն ինչ՝
Խնդրելով, որ մեզ լիովին չվստահի,
Այլապես վշտից կպղտորվիմ
Ինչպես մեր սրտերը․․․․
Մարգարիտա Վարդանյանի ստեղծագործության գլխավոր հերոսը մարդն է իր զգացմունքներով, և ամենակարևորը՝ սիրառատ, երբեմն՝ խանդավառությամ, երբեմն՝ ափսոսանքով։
Սպիտակ շուշանները,
Որ բերել էիր անցյալ կիրակի,
Արդեն դեղնել ու թառամել են։
Դու դեռ չես գալիս․․․
Սպիտակ շուշանները՝ հանդիսավոր, անբիծ,
Բարձր նշաձող՝ սկզբի, վերջի․․․․
Գուցե դու պարզապես մոռացե՞լ էիր,
Որ կապույտ մանուշակներ եմ սիրում։
Զգացմունքներից ամենավեհը՝ սերը գերիշխում է բանաստեղծուհու ստեղծագործություններում․
Մենք այդպես էլ չհանդիպեցի՛նք․․․
Թե՞ որոնումներով կլանված անչափ՝
Մենք իրար կողքով սահեցինք անձայն՝
Կորչելով ծովում անծանոթ մարդկանց․․․
Մեր սրտերն ինչո՞ւ այդքան կոշտացան
Սիրո թրթիռից ինչո՞ւ չարթնացան,
Եւ ցնծությունից ինչո՞ւ կանգ չառան․․․
Մի՞թե այլևս դու չես փնտրում ինձ․․
Մենք այդպես էլ չհանդիպեց՛ինք․․․․
Բանաստեղծուհին անդրադարձել է նաև պատուհասած պատերազմին ու դրա դառը հետևանքներին․
Գիտե՞ս մայրիկ,
Ինձ մարդիկ չեն սպանել,
Այլ թռչող սարքերը․․․
Դրանք ուղղակի մեքենաներ են,
Որոնցով մարդիկ խաղում են,
Ինչպես երեխաները։
Մեքենաները սպանում են,
Իսկ նրանց տերերը՝ հաղթում,
Հաղթում են թեթև, անցավ․․․
Նրանք չեն տեսնում ո՛չ արյուն, ո՛չ մահ․․․
Հետո՝ օրեր ու ամիսներ անց,
Հավաքում են դիերն անկյանք,
Որոնց դեմքերին այլևս չկան
Ցավ ու տառապանք,
Այլ չլսված ճիչ՝ առանց արձագանք
Ու զարմանք, զարմանք․․․
«Անհետ կորածս», «Անհետ կորածս-2» բանաստեղծություններում նա փնտրում է պատերազմի մասնակցին, որ անհայտ կորել է։ Նա փնտրում է զինվորին, սպային, մարդուն, փնտրում է ամենուր՝ երազում, թե արթմնի, փորձում օգնության ձեռք մեկնել․
Անհետ կորածս,
Որտե՞ղ ես, ասա՛,
Արի՛ երազիս
Կամ հուշի՛ր արթմնի․
Ինչպե՞ս փրկենք քեզ,
Թե՞ արդեն ուշ է․․․
Դու ՝ կարոտներիցս
Ամենամեծը,
Որ կարոտ էլ չես,
Այլ չփակվող վերք․․․
Եւ ինչպես դիմանալ այս ամենին․ բանաստեղծուհին նաև այս հարցի պատասխանն է կարծես գտել․
Ես գիտեմ, թե ինձ ինչպես խնայեմ,
Որ չխելագարվեմ․․․
Ես սովորել եմ ցավի հետ խաղալ,
Նրան տեղի տալ,
Կարծրադեմ կանգնել նրա դեմ դիմաց՝
Շնչելով նորից թունավոր բույրը՝
Եւ քաղցր, և գաղջ,
Քաջաբար կռվել, խաբել, հետ քաշվել,
Նույնիսկ նահանջել, ձևանալ հաղթված,
Մինչև որ ցավը՝
Կարմիր բիբերով կատաղած ցուլը՝
Հաղթության կրքից ցնորված կույրը,
Փորձի գրոհել․․․
Յուրօրինակ է նաև Մարգարիտա Վարդանյանի աֆորիզմների ժողովածուն։ Այն ծնվել է նրա կյանքի փորձից։
– Մենք Աստծուց միշտ ավելի խիստ պահանջատեր ենք, քան ինքներս՝ մեզնից։
– Սերը, պահանջկոտությունը, հետևողականությունն ու սեփական ուժերի։ նկատմամբ վստահության ներշնչումն են դաստիարակության բանալիները։
– Խաղերը կարող են դառնալ սովորեցնելու ամենաարդյունավետ միջոցը։
– Ամենակարճ ճանապարհն է ընդհատվում է, երբ դադարում ես քայլելուց։
Արման Գալոյան