Մշակույթ

Կիրականացվեն պեղումների, հուշարձանների վերականգնման աշխատանքներ

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև՝ 54,098.2 հազար դրամ ուղղելով ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և պեղումների աշխատանքներին:

Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։ Մասնավորապես՝ կիրականացվեն պեղումներ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի, Դիլիջան համայնքի Հ.Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ: Նախատեսվում է նաև Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրիի պատրաստում և տեղադրում:

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ստեղծել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց, որը հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Արգելոցի հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին՝ մասնավորապես արգելոցի ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո ու զբոսաշրջիկներից ստացված միջոցներով է իրականացվելու հետագա պահպանությունը:

«Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի համար անհրաժեշտ տարածքը համարվում է պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքը ( (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ․.), որը կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ: Արգելոցի ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: