Մշակույթ

Առաջարկվում է «Գոյ» թատրոնը միացնել Սունդուկյանի անվան թատրոնին. նախագիծը դրվել է շրջանառության

ԿԳՄՍ նախարարությունը e-draft հարթակում շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է «Գոյ» թատրոնը միացնել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:

Հիմնավորումների մեջ նշված է, թե  նախագծի անհրաժեշտությունը միտված է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:

Առաջարկվում է «Գոյ» թատրոնն ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին /«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ստեղծագործական բաժնի «Գոյ» փորձարարական բեմ/:

Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավորություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները: