Մշակույթ

Գրքի երևանյան վեցերորդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

Գրքի երևանյան վեցերորդ փառատոնը, որի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն և պոեզիա։ 

Առանց տարիքային սահմանափակման մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները, որոնք ՀՀ քաղաքացի են: Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն: Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Մրցույթին պետք է ներկայացնել․

«Արձակ» անվանակարգում՝ կամ երկու պատմվածք, կամ երկու էսսե, կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 5,000-5,500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը (մինչև 400 բառ)։
«Դրամատուրգիա» անվանակարգում՝ մեկ պիես։
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ կամ երկու հեքիաթ, կամ երկու պատմվածք, կամ երկու պատկերազարդ պատմություն, կամ տասը բանաստեղծություն, կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 5,000-5,500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը (մինչև 400 բառ)։ 
«Պոեզիա» անվանակարգում՝ տասը բանաստեղծություն։ 

Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու անանուն։ Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 600,000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Մասնագիտական ժյուրիի կազմում են.

«Արձակ» անվանակարգ՝ Ալվարդ Սեմիրջյան, Անի Հովնանյան, Արքմենիկ Նիկողոսյան, Գևորգ Սահակյան, Հայկ Համբարձումյան, Սիրանուշ Դվոյան, Սուսաննա Հարությունյան։
«Դրամատուրգիա» անվանակարգ՝ Անահիտ Արամունի Քեշիշյան, Գոշ Սարգսյան, Զավեն Բոյաջյան, Ռուբեն Բաբայան, Սառա Նալբանդյան։
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ Ալվարդ Ջիվանյան, Արտավազդ Եղիազարյան, Նարինե Գիժլարյան, Ռուզան Տոնոյան, Սաբեթ Հովհաննիսյան։
«Պոեզիա» անվանակարգ՝ Արփի Ոսկանյան, Հակոբ Մովսես, Հասմիկ Հակոբյան, Հասմիկ Սիմոնյան, Ներսես Աթաբեկյան, Տիգրան Պասկևիչյան, Քրիստինե Հովհաննիսյան։

Հայտերի գնահատման չափանիշները.

«Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, հեղինակային լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
«Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, հեղինակային ոճը:
«Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, հեղինակային լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել evnbookfest@gmail.com հասցեին «word» ձևաչափով: Ֆայլում չպետք է նշել անուն-ազգանուն/կեղծանուն: Նամակում հարկ է նշել կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» տողում՝ գրողի անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ «Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ»): Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. ապրիլի 15-ն է (ներառյալ)։

Հայտարարության պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։ Հաղթողների անունները հայտնի կդառնան մայիսի 27-ին՝ Գրքի երևանյան փառատոնի փակման արարողության ժամանակ։ Փառատոնը տեղի կունենա մայիսի 25-27-ը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Գրքի երևանյան վեցերորդ փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գործընկերությամբ: