Գրքերը մարդկանց գեղեցկացնում են: Գիրք կարդալուց բացի, գիրք կարդալու նկատմամբ սերը փոխանցեք, վարակիչ օրինակ դարձեք: Գիրքը մեկ օրվա համար չէ, նրա իմաստնությունն ամբողջ կյանքի համար է. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` Ավետիք Իսահակյանի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանների 2022 թվականին լավագույն ընթերցողներ ճանաչված ընթերցասերների հետ հանդիպման ընթացքում:
2008 թվականից Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, ՀՀ կառավարության որոշմամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Գիրք նվիրելու օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանն ընթերցողների հետ խորհրդարանի գրադարանում հանդիպել են նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, Լևոն Անանյանի որդին` Արամ Անանյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:
Թումանյանագետ Անի Եղիազարյանը, «Գրքապտույտ» նախագծի հիմնադիր Արամ Անանյանն ընթերցասերների հետ զրուցել են բազմախորհուրդ գիրք նվիրելու տոնի, Թումանյանի մասին: 2022 թվականին «Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը. գրքի խմբագիր, գրականագետ Թագուհի Ղազարյանը ընթերցողներին տեղեկացրել է, որ վեպն առաջին անգամ է լույս տեսնում գրողի խմբագրած վերջին տարբերակով և նախորդ հրատարակությունների քննությամբ:
Լավագույն ընթերցասերներին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նվիրել է գրքեր և Հովհաննես Թումանյանի քառյակներով էջանշաններ: Գրքի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ներկայացվել է ԱԺ գրադարանում պահվող «Ընծայագրիր գրքեր» վերտառությամբ գրքերի ցուցահանդեսը: Ընթերցասերների համար կազմակերպվել է ճանաչողական այց Ազգային ժողովի շենքում:
Գիրք նվիրելու օրվա կապակցութամբ խորհրդարանի նիստերի դահլիճի հարակից տարածքում ձեռքի աշխատանքներով և կատարողական արվեստով զբաղվող «Կծիկ» թիմի անդամները ներկայացրել են «Մերոնք» շարքը. աշխատանքների հեղինակներն են Տաթև Ծատուրյանն ու Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի շրջանավարտ Նանե Հելհելյանը: Համառոտ ներկայացնելով գրքային քանդակների մտահղացման մասին` Նանեն նշել է, որ գաղափարը ծնվել է դեռևս յոթ տարի առաջ` հնամաշ ու որպես մակուլատուրա դարձած գրքերին երկրորդ կյանք տալու, վերօգտագործելու մտքով:
«Առաջնային հարցը, որ առաջանում է մարդկանց մոտ գրքերը տեսնելուց հետո, արդյո՞ք դրանք չեն վնասվում, վստահորեն կասեմ` ո՛չ: Պատկերները ստեղծվում են ծալելու տեխնիկայի միջոցով, որի արդյունքում գրքի ընթեռնելի հատվածները մնում են անվրեպ, և ցանկացած պահի արդեն ինտերիեր-դեկոր դարձած այս քանդակները կարող են վերընթերցվել»,- մանրամասնել է Նանեն:
Յոթ տարիների ընթացքում 700 և ավելի գրքեր պատվիրվել են աշխարհի տարբեր անկյուններից, մասնավորապես, Ամերիկայից, Ռուսաստանից, Իտալիայից: Ըստ հեղինակի` աշխարհում այս արվեստով զբաղվողների մեջ «Կծիկն» առաջատարներից է թե՛ տեխնիկայով, թե՛ գործերի բարդությամբ, թե՛ ստեղծված աշխատանքների քանակով, և այս ամենը սկիզբ է առել Հայաստանից:
Ազգային ժողովում ցուցադրված «Մերոնք» շարքում ներկայացված են հայ ժողովրդի 31 մեծանուն հայերի դիմաքանդակները: