Հայկական կինոյի 100-ամյակի առթիվ անցկացվելիք միջոցառումների համար կառավարության որոշմամբ տրամադրվեց 240.5 մլն դրամ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հայկական կինոյի 100-ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում, և նախատեսվող հոբելյանական միջոցառումները իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Միջոցառումների նպատակն է հայ արդի և դասական կինոարվեստի հանրայնացումն ու տարածումը, միջազգային դիրքավորումն ու ճանաչելիության բարձրացումը, կինոժառանգության վերարժևորումը, կրթական որակի բարձրացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը:
Նրա խոսքով՝ միջոցառումները կսկսվեն ապրիլի 16-ից՝ հայ կինոյի օրը. «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների ծրագիրը առիթ է տալիս առանձնակի ուշադրություն դարձնել հայկական կինոյի զգալի ձեռքբերումների վրա, ներազդել հայ կինոյի հանրաճանաչության ապահովմանը, դրա արժևորմանը և այն նոր սերունդներին ներկայացնելուն»,-ասաց Անդրեասյանը։
Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական միջոցառումների իրականացում: