Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Մեծ Բրիտանիայում

Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Մեծ Բրիտանիայում հյուրախաղերի կազմակերպմանն աջակցելու նպատակով:

Միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 10 քաղաքում (Մանչեսթեր, Քեմբրիջ, Էդինբուրգ, Բերնինգհեմ, Շեֆիլդ, Չելթենհեմ, Քրոյդոն, Փերթ, Գիլֆորդ, Լոնդոն):

Համերգային 14-օրյա շրջագայության համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 48340,6 հազար դրամ: Համերգային ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 98700 հազար դրամ:

Հիշեցնենք՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են հյուրախաղեր, փառատոներ, կրթական միջոցառումներ, ձայնագրություններ, նամակների ժողովածուի հրապարակում, Արամ Խաչատրյանի մասին պատմող տարբեր անդրադարձներ, միջազգային մրցույթ, եզակի նյութերի ցուցադրություն և այլն: