Մշակույթ

Արամ Խաչատրյանի 120 ամյակի միջոցառումների ցանկում ընգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:

Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված կազմակերպչական մի շարք հարցեր:

Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախապատրաստական աշխատանքները, առաջիկա անելիքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Արամ Խաչատրյանի 120 ամյակի հոբելյանական միջոցառումների ցանկում ընգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ: Ծրագրի շրջանակում նախատեսվում են՝ հյուրախաղեր, փառատոններ, կրթական միջոցառումներ, ձայնագրություններ, նամակների ժողովածուի հրապարակում, Արամ Խաչատրյանի մասին պատմող տարբեր անդրադարձներ, միջազգային մրցույթ, եզակի նյութերի ցուցադրություն և այլն:

Արայիկ Հարությունյանը համակարգման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը և համագործակցությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, քննարկված ուղղություններով առաջարկություններ ներակայացնելու, պատշաճ իրազեկում ապահովելու վերաբերյալ: