Մշակույթ

Շարժվող կտավների ցուցադրություն՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում

Նա չէր նկարում իր երազանքները, այլ պատկերում էր իրական կյանքը: Մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի գործերը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում են՝ մուլտիմեդիա-ցուցահանդեսով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

ժամանակակից պրոեկցիոն տեխնոլոգիաներ,  շարժվող կտավներ. 40 րոպեի ընթացքում երկլեզու՝ հայերեն և ռուսերեն ֆիլմային ցուցահանդեսն արվեստասերներին պատմում է Ֆրիդա Կալոյի դժվարին մանկության, «ես»-ի պայքարի ու ստեղծագործական ուղու մասին: 

«Նա շատ դժվար կյանք է ապրել: Այս ցուցադրությունը ներկայացնում է Ֆրիդա Կալոյի կայնքի պատմությունը, զուգահեռաբար 50 նկարներն են ցուցադրվում»,- ասում է նախագծի կազմակերպիչ Գեղամ Կարապետյանը:

«Հետաքրքիր նախաձեռնություն է, շարժվող նկարներ, որոնք ավելի տպավորիչ են դարձնում գործերը, որոնք հնարավոր չէ իրականում տեսնել»,- ասում է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն Զարուհի Այրումյանը:

Կալոյի դիմապատկերները նրա ապրումների ու հույզերի գույներն են: Նրա հայրը լուսանկարիչ էր և արվեստի հանդեպ ձգողական ուժը յուրօրինակ ժառանգություն էր: Ֆրիդա Կալո նկարչի համաշխարհային բացահայտումը եղավ նրա վախճանից միայն տարիներ անց՝ 1970-ականներին:

20-րդ դարասկզբի ամենակերպարային արվեստագետներից մեկին նվիրված նախագիծն իրականացրել են Նատալիա Կաշլևան և Անատոլի Զամերը: Ցուցահանսդեսը կգործի մինչև փետրվարի 26-ը: