Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի առաջարկով հունվարի 31-ին գեղարվեստական խորհուրդը քննարկել է ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակելու հարցը: Խորհուրդը միաձայն դրական կարծիք է տվել. այս մասին տեղեկացնում է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։
Գրիգոր Խաչատրյանը 1992 թվականին ավարտել է Անդրեյ Սախարովի անվան 69 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ավարտել է թիվ 14 գեղարվեստի պետական ուսումնարանը` ստանալով հախճապակու վրա նկարիչ-կատարողի որակավորում։ 1994-1996 թվականներին ծառայել է հայոց բանակում։ 2003 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ դրամատիկ թատրոնի ռեժիսոր (Արմեն Խանդիկյանի արվեստանոց):
1998 թվականից մինչ օրս աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան, իսկ 2004 թվականից նաև որպես ռեժիսոր։ ԵԹԿՊԻ դրամատիկ թատրոնի դերասան բաժնում, որպես ասիստենտ բեմադրել է`Մ. Մակդոնախ՝ «Բարձ-մարդը», Էսքիլես՝ «Քոեփորներ», Ու. Շեքսպիր՝ «Տասներկուերորդ գիշեր», Է. Վոլոդարսկի՝ «Սրիկա» ներկայացումները։ ԵԹԿՊԻ դրամատիկ թատրոնի դերասան բաժնի կուրսի ղեկավար բեմադրել է` Ու.Շեքսպիր՝ «Օթելլո», Ռ. Բելեցկի՝ «Թույն», Էվրիպիդես՝ «Բաքոսուհիներ» ներկայացումները։
Կազմակերպել և բեմադրել է մի շարք միջոցառումներ՝ Վարդգես Պետրոսյան - 80, Երվանդ Երզնկյան- 70, Էվելինա Շահիրյան - 75, Ավետ Տերտերյան, ՊՆ Գորիս - 2020, Հունիսի 1 /Երեխաների պաշտպանության միջազգային օր/ - 2019, ARTSAKH WINE FEST – 2018, 2019, ԱԻՆ – 22, 23, 24-ամյակներ, Զարուհի Բաբայան՝ «Զինվորի կողքին»-2013, FPWC – 2013, 2014, 2016, «Թատրոն X» – 2011, Կիմ Արզումանյան-80, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ /2010, 2012, 2018/, Դանիել Վարուժան – 125, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխություն /2010, 2017, 2018/, «Զարթոնք» երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոն, /2009/, ՆԳՆ 8,9 – ամյակ, /2009, 2010/, «PERNOD - RIKARD» /2008/, «JUDO» Առաջնության բացում /2007/, «Սեր և շուշաններ» Շուշան Պետրոսյանի մենահամերգ, /2004/։ Նկարահանել է «Սահմանապահ գյուղեր» վավերագրական 16 մասանի ֆիլմաշարը։