ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերատեսչության ղեկավարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը շրջել է միության տարածքում, ծանոթացել կազմակերպության շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ: Նրա ընդգծմամբ՝ 2023 թվականին նշվում է հայ կինոյի 100-ամյակը, ինչը հրաշալի առիթ է ամբողջ տարվա ընթացքում խոսելու մեր պատմության, ձեռքբերումների, գրանցած հաջողությունների, անելիքների մասին:
«Կինոյի ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և մենք միասին պետք է գտնենք այդ ասպարեզի զարգացման ճիշտ ուղղությունները: Այս գործընթացներում պետք է պահպանենք ձևավորված լավ ավանդույթները, զարգացնելով փորձառությունը՝ նաև տեղ տանք նոր և հետաքրքիր գաղափարներին: Առկա խնդիրներից են միջազգայնացման, կինոարտադրության զարգացման, ոլորտում կրթության բարելավմանն ուղղված հարցերը, որոնց վերաբերյալ, վստահ եմ, յուրաքանչյուրդ ունեք շատ կարևոր և բովանդակային ասելիք: Նախարարությունը պատրաստակամ է պարբերաբար թեմատիկ քննարկումների միջոցով անդրադառնալ բոլոր հարցերին՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- նշել է նախարարը և հավելել, որ անելիքները կշարունակվեն ոլորտի օրենսդրական կարգավորումների, փառատոնային գործունեության և այլ ուղղություններով:
Նախարարը կինոգործիչներին մաղթել է ուժ և եռանդ, միասնական մոտեցում՝ ի նպաստ կինոլորտի զարգացման ու բարելավման: Կինոլորտի ներկայացուցիչները նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել են Ժաննա Անդրեասյանին` վստահություն հայտնելով, որ համատեղ փոխգործակցությունը կլինի արդյունավետ: