Մշակույթ

Տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի 55-ամյակին նվիրված միջոցառում

2022 թ. դեկտեմբերի 9-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ տուն-թանգարանի հիսունհինգամյակին նվիրված հանդիսությունը: Միջոցառմանը հրավիրված էին գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի բարեկամ մշակույթի գործիչներ և գիտական խորհրդի անդամներ, նախկին աշխատակիցներ:

Բացման խոսքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը հյուրերին շնորհավորեց Երևանում առաջին երաժշտական հուշային թանգարանի բացման տարեդարձի առիթով և կարևորեց աշխատակիցների դերը մշակութային այս կարևոր կենտրոնի կայացման գործում:

Ներկայացվեց «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարների խճապատկերում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ա. Սպենդիարյանի ժառանգության հանրահռչակման գործում տուն-թանգարանի դերը արժևորող խոսքով և բարեմաղթանքներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Դավիթ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որը նաև հանպատրաստից և սրտաբուխ կատարեց իր «Անանձնություն» երգը:

Ցուցադրվեց թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի հեղինակած «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» տեսաֆիլմը, որը ներկայացնում էր տուն-թանգարանի՝ կես դարից ավելի շարոնակվող տարեգրությունը:

Սպենդիարյանական երկերի՝ փողային նվագարանների համար փոխադրումներով հանդես եկան Թամար Հարությունյանը (ֆլեյտա), Վարդգես Հովհաննիսյանը (ֆագոտ), Էրիկ Գրիգորյանը (հոբոյ) և Կատարինե Հովսեփյանը (դաշնամուր):

Թանգարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի նախկին աշխատակիցներ՝ գիտաշխատողներ Կարինե Մարգարյանին, Սարգիս Հովհաննիսյանին, ինչպես նաև թանգարանի նորեկ գիտաշխատող Կատարինե Հովսեփյանին: