Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022

USD394.31

EUR403.08

RUB6.12

Երևան 1 ℃

Рус Eng

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մշակույթ

4 Նոյեմբերի, 15:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, ներկա են գտնվել անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Օհան Դուրյանի տիկինը՝ Ալիս Դուրյանը և որդին՝ Նարեկ Դուրյանը:

Արձան-հուշակոթողի գաղափարը պատկանում է Վահան Վարդապետյանին, արձանի քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը` Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակը` Արսեն Պետրոսյանը: Համակարգման աշխատանքներն իրականացրել է Սամվել Ղումաշյանը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգելի ներկաներ,

Իսկապես շատ ուրախալի առիթ է, և պիտի ասեմ, որ պատիվ և ուրախություն եմ ունեցել, բայց երևի նաև ինչ-որ տեղ թերություն է՝ մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս և այս պատերից դուրս: Իրականում դա թերություն է, որովհետև ճիշտ բալանսը կլիներ ավելի շատ շփվել այս պատերից ներս, քան թե պատերից դուրս՝ այս հրապարակում: Պետք է խոստովանեմ, որ հիմա, իսկապես, այն, ինչ տեսա և լսեցի, շատ դրական լիցքերով լիցքավորեց ինձ, որովհետև պիտի անկեղծ ասեմ, երկու դրվագի մասին խոսեմ:

Առաջինը, երբ այդ գաղափարը լսեցի՝ Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրել, ճիշտն ասած՝ այն ինձ համար անսպասելի էր, որովհետև, այնուամենայնիվ, Ազատության հրապարակ, և ինչքանո՞վ կներգրավվի Ազատության հրապարակում Օհան Դուրյանը. գիտեի, որ ներգրավված է, բայց, այնուամենայնիվ, արձանն ուրիշ երևույթ է: Եվ երբ գաղափարն ավելի մանրամասն հասկացա, ընկալեցի, տեսա, որ իսկապես շատ կարևոր է Օհան Դուրյանի այսպիսի ներկայությունն Ազատության հրապարակում, որովհետև, կարծում եմ, Օհան Դուրյանի այս ներկայությունն Ազատության հրապարակում, ավելի ճիշտ՝ հենց այստեղ, խորհրդանշում է իր ներկայությունը և՛ պատերից ներս, և՛ պատերից դուրս:

Կարծում եմ՝ Օհան Դուրյանի ներկայությունն այստեղ խորհրդանշում է նաև մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունն այս հրապարակում՝ Արամ Սարգսյանի ներկայությունն է ընդգծում, Վահագն Խաչատուրյանի ներկայությունն է ընդգծում, Վահրամ Դումանյանի ներկայությունն է ընդգծում: Ես չգիտեմ, շատերը գուցե տեղյակ չեն, բայց 2007 թվականին Վահրամ Դումանյանի հետ այս հրապարակում մի շարք քաղաքական միջոցառումներ ենք իրականացրել: Իմ ներկայությունն է ընդգծում: Ես չեմ ուզում շատ անուններ տալ, որովհետև հիմա խառը ժամանակներ են, չգիտեմ՝ ում անունը տալիս անվանատերը դա դրական կընկալի, ում անունը տալիս կասի՝ ինչու են իմ անունը շահարկում Ազատության հրապարակում: Ես հիշեցի, որ Ազատության հրապարակում իմ առաջին հանրահավաքը, որտեղ ես ելույթ եմ ունեցել, անցկացրել եմ ուղիղ այնտեղ, այն սյունի ներքո: Սա շատ կարևոր է:

Հաջորդ հանգամանքը՝ քիչ առաջ նախագահին էլ էի դա ասում, պիտի շնորհակալություն հայտնեմ Ձեզ, պարոն Վարդապետյան, որովհետև գիտեմ, թե նաև ինչ անձնական կապվածություն ունեք մաեստրո Օհան Դուրյանի հետ: Պիտի խոստովանեմ՝ այս ողջ ընթացքում մտածում էի, թե ինչքանով այդ անձնական կապվածությունը կարող է հակասել, հակադրվել Ազատության հրապարակի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի էսթետիկային: Մի փոքր մտավախություն ունեի, որ, այնուամենայնիվ, և՛ Օհան Դուրյանի անձնական հանգամանքը, և՛ պարոն Վարդապետյանի անձնական նվիրվածությունն Օհան Դուրյանին կարող է խաթարել էսթետիկան, բայց պիտի ասեմ, որ իսկապես հոյակապ տեղ, հոյակապ կոմպոզիցիա է ստացվել, և ես դրա համար շնորհակալ եմ:

Երկրորդը, ինձ ասացին՝ տեսե՞լ եք Օհան Դուրյանի արձանի շուրջ ինչ աղմուկ կա: Ես ասացի՝ չէ, չեմ տեսել: Ասացին՝ արձանի մի նախագիծ է հրապարակվել, որի շուրջ կա մեծ աղմուկ և քննադատություն: Ես ասացի՝ ուղարկեք տեսնեմ, լուսանկարը կարող եք ուղարկել: Երբ այդ լուսանկարը տեսա, ցնցվեցի, անկեղծ եմ ասում, որովհետև ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր: Ընդ որում, նա այսպիսին չէր երևում բեմում: Հիշում եմ - եթե սխալվեմ, խնդրում եմ ինձ ուղղեք - վավերագրական ֆիլմ կա Օհան Դուրյանի մասին, Ստաս Նամինն է չէ՞ այդ ֆիլմը նկարահանել: Այդ ֆիլմի մեջ՝ փորձի ժամանակ, Օհան Դուրյանը կարճաթև շապիկով է, և նրա բազուկների, այդ մկանուտ, տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ես ցնցվեցի, որովհետև, կներեք, սմոքինգով կամ ֆրակով Օհան Դուրյանը տեսանելի և ամբողջությամբ հասկանալի չէ: Այդ մերկացած, բազուկոտ ձեռքերի անհասկանալի, բայց միևնույն ժամանակ գրավող շարժումն է Օհան Դուրյանը: Եթե Օհան Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէ: Ես շնորհավորում եմ նաև այս մտահղացման հեղինակին, շնորհակալություն եմ հայտնում մտահղացումն իրականացնողին:

Օհան Դուրյանի կերպարի մասին խոսվեց, և ես ուզում եմ ավարտել հետևյալ ընդգծումով՝ ծնվել է Երուսաղեմում, դեգերել է ամբողջ աշխարհով և հանգչում է հայրենիքում, բայց ապրել է հայրենիքում: Օհան Դուրյանը, եթե ճիշտ եմ հիշում, դեռևս 50-ականներին շատ մեծ, աղմկոտ և հաջողված հյուրախաղեր է ունեցել Հայաստանում: Իր դիրիժորական գործունեությունը Հայաստանում դեռևս 50-ականների վերջից է և հետո արդեն անկախ հանրապետություն վերադարձը: Սովորաբար ուխտագնացություն ասելով հասկանում են Երուսաղեմ, բայց ես հասկանում եմ Օհան Դուրյանի կյանքը և ճանապարհը Երուսաղեմից ուխտագնացություն դեպի ինքնիշխան պետություն, ինքնիշխան հայրենիք:

Այն, ինչ պիտի անենք, ես համարում եմ, որ այդ երազանքի շարունակությունն է: Երազանքն էլ կենդանի երևույթ է, և ես հիմա հասկանում եմ, որ մենք երազանքների մեջ չենք նկատել ամենակոնկրետ երազանքը՝ որ Հայաստանն ինքը պետք է լինի կոնկրետ, տեսանելի, չափելի, շոշափելի, և դա է Հայաստանի լինելիության երաշխիքը և գրավականը: Շատ հեշտ չէ, որովհետև նույնիսկ մենք մեր ամենասիրելիներին ընկալում ենք որպես իդեալական: Իդեալականը կոնկրետությունից դուրս է, որովհետև երբ մարդուն կոնկրետացնում ես՝ տեսնում ես նրա թերությունները, առավելությունները։ Երբեմն հասկանում ես, որ նա այնքան բոյով չէ, ինչքան դու կցանկանայիր, երբեմն այնքան մարմնեղ չէ, ինչքան դու կցանկանայիր, երբեմն նույնիսկ այնքան ուժեղ չէ, ինչքան դու կցանկանայիր, բայց հենց այս պահին է գալիս սիրո կուլմինացիան։ Երբ սիրում ես կոնկրետության մեջ, երբ սիրում ես այնպիսին, ինչպիսին կա ինքը, ոչ թե քո երազանքների մարդուն ես սիրում, այլ այդ երազանքների մարդուց ստանում ես կոնկրետ մարդու, որն ունի ցավեր, թերություններ, թուլություններ, որն այնպիսի աստվածային և տիեզերական չէ գուցե, որ դու երազել կամ մտածել ես։ Բայց դու, նրան այդպիսին ընկալելով, ավելի ուժեղացնում ես և ավելի սիրում։ Նույնն էլ հայրենիքն է. սիրել հայրենիքը՝ կոնկրետացնելով, տեսնելով նրա բոլոր առավելություններն ու թերությունները, իջեցնելով նրան պատվանդանից և դարձնելով ամենօրյա հոգածության առարկա՝ սիրո, գորովանքի, քննադատության, դաժան քննադատության, բանավեճի, վեճի, այո՛, ընտանեկան կռվի, և սրանով պաշտպանել նրան։ Ես այսօրվա սիմվոլը ընկալում եմ այսպես. Օհան Դուրյանը երկու՝ մշակութային և քաղաքական պատվանդաններից իջեցվել է և դրվել է, հենվել է Հայաստանի Հանրապետության հողին։ Սա է այսօրվա սիմվոլը, և շնորհավորում եմ բոլորիս այս սիմվոլի առիթով»:

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից