Մշակույթ

Այսօր մենք կրկին վկան ենք Կլոդ Արմեն Մութաֆյանի հերթական մեծ աշխատանքի ներկայացմանը. Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսին:

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) տեղի ունեցած միջոցառմանը ԿԳՄՍ նախարարը կատարած աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կլոդ Արմեն Մութաֆյանին, նաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

«Պարո՛ն Արմեն Մութաֆյան, թեև մաթեմատիկան Ձեր առաջին մասնագիտությունն է, այնուամենայնիվ հսկայական է Ձեր ներդրումը Ֆրանսիայում հայագիտության զարգացման, ինչպես նաև հայոց պատմության ու մշակույթի հանրահռչակման գործում: Հատկապես մեծ է Ձեր ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում: Ձեր ջանքերով է նաև, որ Հայոց ցեղասպանությունն օրենսդրորեն դատապարտող առաջին պետությունը դարձավ Ֆրանսիան»,- փաստել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կլոդ Արմեն Մութաֆյանը, թեև իր գործունեությունը շարունակել է Ֆրանսիայում, երբեք չի դադարել հայ լինելուց և միշտ հավատարիմ է մնացել իր արմատներին ու հավաքական հիշողությանը, և պատահական չէ, որ նա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Մատենադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկարամյա բարեկամ:

Վահրամ Դումանյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Կլոդ Արմեն Մութաֆյանի վաստակը հայ մշակույթի պահպանման, հայագիտության զարգացման ու հանրահռչակման գործում և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի հրամանագրով Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետու­թյան գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Կլոդ Արմեն Մութաֆյանը պարգևատրվում է «Մովսես Խորենացի» մեդալով:

Կլոդ Արմեն Մութաֆյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և ներկաներին պատմել «Երուսաղեմը և հայերը» գրքի ստեղծման գաղափարի մասին: Այն նվիրված է հայկական Երուսաղեմին. «Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները, Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարները, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը»։

Հեղինակի խոսքով՝ գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Այն ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։ Կլոդ Արմեն Մութաֆյանը նաև նշել է, որ պատկերագիրքը հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող «Belle Lettre» հրատարակչատունը։

«Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: