Մշակույթ

Մեխիկոյում կազմակերպված տարբեր ժողովուրդների մշակութային տարրերի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» (MONDIACULT 2022) շրջանակում կազմակերպվել է տարբեր ժողովուրդների տարազների և մշակութային տարրերի ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ:

Այս նրբահյուս աշխատանքի ոգեշնչման նախատիպը 1930-ական թվականներին ստեղծված հայկական մի ժանյակի նմուշն է:

Միջոցառման նպատակն է ներկայացնել MONDIACULT 2022-ին մասնակից երկրների մշակութային բազմազանությունն ու հարստությունը` տվյալ մշակույթներին բնորոշ գործվածքեղենի, ձեռագործ աշխատանքի, գեղարվեստի առարկաների ցուցադրմամբ։

Հավելենք, որ Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Կազմում ընդգրկվել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: