Մշակույթ

«Նպատակս է՝ ստանալ «Գրեմմի» և «Օսկար»». Ռոզա Լինի բացառիկ հարցազրույցը

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում «Snap» երգով հանդես եկած Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը պատասխանել է Radar Armenia-ի հարցերին։

- «Snap» երգը Spotify-ում, սոցիալական ցանցերում չի դադարում լայն տարածում ստանալ, օրերս էլ «Ռեալ»-ը Կազեմիրոյի պատվին հրապարակված տեսանյութին էր կցել այն։ Ի՞նչ նոր հաջողություններ ունի երգը և ի՞նչ նոր հորիզոնականներ է գրավում տարբեր հիթ-շքերթներում:

- «Snap»-ը դարձել է Եվրատեսիլ 2022-ի՝ ամենաշատ լսումներ ունեցող երգը: Այն այս պահին 9-րդն է Եվրատեսիլի ամբողջ պատմության մեջ և միայն Spotify-ում ունի ավելի քան 110 մլն լսում։ Այն շարունակում է գրանցել օրական 2,5 մլն լսում, իսկ վերջերս Շվեդիայում դարձավ ոսկե տիտղոսակիր: Հուսով եմ՝ այն դեռ ավելի բարձր հորիզոնականներ կգրավի:

-Ի՞նչ էմոցիաներ եք ստանում այս հաջողություններից:

- Գաղտնիք չէ, որ մանկուց երազել եմ այս ամենի մասին: Օրերս ելույթ ունեցա Ստոկհոլմում տեղի ունեցած RIX fm փառատոնին, որտեղ կատարեցի նաև «Snap»-ը: Բոլորն ինձ հետ հավասար երգում էին. դա արտիստի համար լավագույն զգացողությունն է՝ լսել, թե ինչպես է հանդիսատեսը միաձայն կատարում քո երգը:

- Ի՞նչ նոր պլաններ ունեք երաժշտական ասպարեզում, ի՞նչ ծրագրերի վրա եք հիմա աշխատում:

- Այս պահին Շվեդիայում եմ: Համագործակցում եմ այստեղի երաժիշտների հետ, միասին աշխատում ենք նոր երգերի վրա: Շուտով կմեկնեմ Լոնդոն՝ այնտեղ առաջին անգամ ելույթ ունենալու: Որից հետո էլ՝ ԱՄՆ, առաջին սկավառակս ձայնագրելու և մի քանի ելույթների համար:

- Իսկ ի՞նչ փուլում է այսօր Columbia Records-ի հետ համագործակցությունը:

- Միասին սկսել ենք աշխատել օգոստոսից, ու համագործակցության հրաշալի արդյունքն ակնհայտ է՝ «Snap»-ն օրեցօր նոր հաջողություններ է գրանցում: Շատ պլաններ ունենք միասին, և վստահ եմ՝ մեր համագործակցությունը ավելի մեծ հաջողությունների է տանելու:

- Ե՞րբ է նոր երգ, տեսահոլովակ սպասվում:

- Այս պահին դեռ հստակ ժամկետ չեմ կարող ասել, բայց նոր երգն արդեն պատրաստ սպասում է իր ժամին:

- Նման մեծ հաջողություններից հետո ո՞րն է Ռոզա Լինի երազանքը և/կամ նպատակը:

- Շրջագայել «լայվ» խմբով, ելույթներ ունենալ տարբեր երկրներում, թողարկել ինձ համար թանկ ու հոգեհարազատ երգերս և, ինչու ոչ, ստանալ «Գրեմմի», «Օսկար»՝ «լավագույն սաունդտրեկ» անվանակարգում։