«Հայա» երաժշտական փառատոնը կազմակերպել է հայտնի արտիստների համերգներ Հայաստանում։ Ինչպես շատերին է հայտնի, այս տարի համերգներով են հանդես գալու Zaz-ը, 50 Cent-ը և Led Zeppelin Symphonic նվագախումբը։
Radar Armenia-ի հետ զրույցում «Հայա» փառատոնի և «Երևանյան հեռանկարներ» նախագծի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը խոստովանեց՝ նրանց հետ համագործակցելը բարդ է եղել. «Արտիստներն ընտրվել են ժամանակահատվածին համահունչ։ Նրանք խոշոր աստղեր են ու ամառը Եվրոպա էին գնալու, և մենք պայքարեցինք, որ այդ օրերին նրանց ուղղություններից մեկը դառնա Երևանը։ Տարիների մեր ունեցած հեղինակությունը օգնեց՝ համագործակցության եզրեր գտնել»։
Հովհաննիսյանի խոսքով՝ Zaz-ը համերգներով մշտապես եղել է Եվրոպայում։ Տարածաշրջանի որևէ այլ երկիր, բացի Հայաստանից, արտիստների ուղղությունների ցանկում ներառված չէ. «Մենք Zaz-ի հետ տարիներ տևած բանակցություններ ունենք, որովհետև ոչ մի կերպ չէր ստացվում Հայաստանում իր համերգը կազմակերպել։ Խնդիրները տեխնիկական էին»։
Նրա խոսքով՝ տոմսերը շատ արագ են սպառվում։ Գնորդներ կան Ռուսաստանից, Վրաստանից և Միջին Արևելքից։
Նշենք, որ Zaz-ը Հայաստան կժամանի հունիս 24-ին, իսկ հունիսի 30-ի երեկոյան՝ 50 Cent-ը։
Սոնա Հովհաննիսյանը նշեց նաև, որ հաջորդ տարվա ծրագիրը կազմված է. 2023թ. հունիսի 17-ին «Հայա» փառատոնի հյուրն է լինելու թավջութակահար Հաուսերը։
Անուշ Մկրտչյան