Մշակույթ

Երկարատև ընդմիջումից հետո վերաբացվել են Հայաստանի ազգային պատկերասրահի երկու հարկերն ամբողջությամբ

Երկարատև ընդմիջումից հետո վերաբացվել են Հայաստանի ազգային պատկերասրահի երկու հարկերն ամբողջությամբ: 

Վերաբացման մեկնարկը տրվել է նոր  ցուցահանդեսով, որի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում միևնույն հարթակում ներկայացվել են համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները:

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ընդգրկված են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։ Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Երվանդ Քոչարի անզուգական ստեղծագործությունները։ Ցուցահանդեսում ներկայացվում են նաև աշխատանքներ Երվանդ Քոչարի և Ռուսական արվեստի թագարաններից:

Ցուցադրությունը խորհրդանշորեն սկսվում է Գ. Բաշինջաղյանի «Ալազանի հովիտը. Սղնախի բերդ» ոչ մեծադիր կտավով՝ շեշտադրելով հայկական իմպրեսիոնիզմի ժառանգական կապը դասական արվեստի հետ٫ և ամփոփվում է այն հեղինակների կտավներով٫ որոնց արվեստում արդեն այս կամ այն չափով դրսևորվել են «պլեներային գունագրություն» խնդիրներն ու իմպրեսիոնիզմի ստեղծագործական մեթոդները: 

Ցուցահանդեսի համադրողն է  Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, արվեստաբան Մարինա Հակոբյանը։ Ցուցահանդեսը վաղվանից բաց է այցելուների համար: