Մշակույթ

6 քայլ՝ ձեր ռեստորանի մենյուն թարմացնելու համար

Մեծ ռեստորանները մշտապես իրենք իրենց գերազանցում են: Նրանք միշտ փոփոխում են ճաշատեսակները և ստեղծում նորերը: Ահա, նոր ուտեստներ ստեղծելու այն քայլերը, որոնք ձեր խոհարարներին կպահեն հետաքրքրված, իսկ ճաշողներին կստիպեն՝ պարբերաբար վերադառնալ ձեր ռեստորան:

1) Ստեղծեք ձեր մթերքների ցուցակը

Նոր ճաշատեսակ ստեղծելու առաջին քայլը որոշելն է, թե ինչ մթերքների հետ եք աշխատելու: Գրեք ձեզ հետաքրքրող բաղադրիչները: Գուցե կա մի բաղադրիչ, որը չեք օգտագործել: Դուք կարող եք նաև ոգեշնչվել ձեր շուրջը եղածից:

2) Սահմանափակեք ինքներդ ձեզ

Հեշտ է չափն անցնելը, հատկապես՝ նոր ոգևորող նախագծի սկզբում: Սանձեք ձեր ոգևորությունը և համոզվեք, որ սահմանափակում եք ինքներդ ձեզ՝ ոչ ավելի, քան երկու կամ երեք համերի համադրությամբ: Ձեր բաղադրիչներն ընտրելուց հետո պատկերացրեք, թե ինչ համեր կհամադրվեն դրանց հետ: Փորձեք խառնել ավանդական համերը նոր բաների հետ: Սա թույլ է տալիս ձեր հյուրերին՝ համտեսել միևնույն ժամանակ ծանոթ, նոր և հետաքրքիր բան: Փոխեք ձեր ճաշատեսակների օժանդակ բաղադրիչներն՝ ըստ ցանկության, ավելի լավ համի և բաղադրության համար, բայց մի ավելացրեք ավելին: Չափազանց շատ համեր և գաղափարներ խառնելը ի վերջո հանգեցնում է անկազմակերպ և քաոսային ուտեստի:

3) Մի մոռացեք գեղագիտական կողմը

Սկսեք մտածել այն մասին, թե ինչպիսի տեսք կունենա ձեր ուտեստը ստեղծման գործընթացի հենց սկզբում: Մտածեք, թե ինչպես են ձեր հյուրերը ուտելու այն, և որ բաղադրիչները պետք է ափսեի վրա դրվեն սկզբում՝ համապատասխան ջերմաստիճանը պահպանելու համար: Ժամանակ հատկացրեք՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես են ձեր սիրելի խոհարարները միավորում ափսեի մեջ գտնվող տարրերը, և ոգեշնչվեք այդ պատկերներից: Երբ պատկերացում ունեք ձեր պատրաստի ուտեստի տեսքի մասին, փոխանցեք այն թղթին: 

4) Համագործակցեք

Ձեր խոհարարներից մեկին հրավիրեք՝ պատրաստելու ճաշատեսակի իր տարբերակը՝ նրանց տալով ձեր բաղադրիչներն ու համի պրոֆիլը: Դուք կունենաք ձեր ճաշատեսակի նկատմամբ այլ մոտեցում, և, երկուսի լավագույն մասերը համադրելով, կստեղծեք մի բան, որը երբեք չէիք կարողանա առանձին պատկերացնել:

5) Համառություն և հետևողականություն

Փորձեք մի քանի տարբերակներ՝ փորձելով աննշան համերի, տեքստուրայի և օժանդակ բաղադրիչների տատանումները: Երեք-չորս տարբերակ ունենալուց հետո համտեսեք: Բայց մի մոռացեք գրառումներ անել և նկարել այդ ամենը։ Այդ նշումներն անգնահատելի կլինեն, երբ պատրաստեք վերջնական ուտեստը:

6) Գրի առեք բաղադրատոմսը

Գրի առեք ձեր վերջնական բաղադրատոմսը, ներառյալ՝ բաղադրիչները և պատրաստումը: Համոզվեք, որ աչքի եք անցկացրել ձեր գրառումները, և ներառել ցանկացած կարևոր տեղեկատվություն: Որքան ավելի համապարփակ լինի բաղադրատոմսը, այնքան ավելի հեշտ կլինի ձեր և ձեր աշխատակիցների համար՝ ամեն անգամ անթերի պատրաստել այն: Մտածեք նաև նկարը ներքևի անկյունում ներառելու մասին, որպեսզի ձեր բոլոր խոհարարները իմանան, թե ինչպիսի տեսք պետք է ունենա պատրաստի ուտեստը: