Աշխարհի ավելի քան 70 երկիր մեր ժամանակներում արդեն տեսել են կանանց՝ երկրի բարձրագույն ղեկավարի դերում: Ոմանք ընտրվել են, ոմանք՝ նշանակվել, ոմանք ծառայել են համեմատաբար կարճ ժամկետներով, մյուսները՝ մնայուն ժառանգություն թողել։ Այս յոթ կանայք պատմության ամենապատկառելի առաջնորդներից են՝ իրենց պաշտոնավարման ժամանակի և իրենց ազգերի, ինչպես նաև՝ ամբողջ աշխարհի վրա ունեցած ազդեցության իմաստով:
Սիրիմավո Բանդարանաիկե - Շրի Լանկա
1960 թվականին Շրի Լանկայի (նախկին Ցեյլոն) վարչապետ ընտրված Բանդարանաիկեն առաջին կինն էր ժամանակակից աշխարհում, ով ընտրվեց կառավարության ղեկավար: Նա քաղաքականություն էր մտել դրանից մեկ տարի առաջ, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող նրա ամուսինը սպանվել էր բուդդայական վանականի կողմից։ Նրա մահից հետո Բանդարանաիկեն ստանձնեց Շրի Լանկայի «Ազատություն» կուսակցության ղեկավարությունը։ Նա պետությունը ղեկավարեց 1960-65թթ. և կրկին՝ 1970-77թթ.: Հայտնի լինելով բազմաթիվ բիզնեսներ ազգայնացնելով և պետական տնտեսական համակարգ ստեղծելով՝ նա նաև քաղաքական դինաստիա է հիմնել։ Նրա դուստրը՝ Չանդրիկա Կումարատունգան, ևս եղել է Շրի Լանկայի վարչապետ, իսկ 1994-2005թթ. ընտրվել երկրի առաջին կին նախագահի պաշտոնում:
Ինդիրա Գանդի
Լինելով Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուի դուստրը՝ Ինդիրա Գանդին Բրիտանիայից անկախանալու շարժմանը միացավ վաղ տարիքից և դարձավ իշխող Հնդկաստանի ազգային կոնգրեսի առանցքային դեմքերից: 1966 թվականին նա նշանակվեց կուսակցության ղեկավար և, հետևաբար, վարչապետ։ Նա վերընտրվեց այդ պաշտոնում հաջորդ տարի, ապա՝ ևս երկու անգամ: Գանդին վճռականորեն աջակցում էր Արևելյան Պակիստանին (ներկայիս Բանգլադեշ)՝ անկախության համար մղված պատերազմում, ինչը Հնդկաստանին դարձրեց գերիշխող ուժ Հարավային Ասիայում: 1977-ին պարտվելով ընդդիմությանը՝ նա վերականգնեց իշխանությունը 1980-ին, բայց 1984-ին սպանվեց իր իսկ թիկնապահների կողմից՝ ի պատասխան այն բանի, որ բանակին հրամայել էր գրոհել սիկհ անջատողականների վրա՝ իրենց իսկ սուրբ տաճարում:
Գոլդա Մեիր - Իսրայել
Երբ 1969-ին Մեիրը դարձավ Իսրայելի չորրորդ վարչապետը, նա 40 տարի անցկացրել էր՝ իր ազգին ծառայելով: մեիրը ծնվել է Ուկրաինայում, մանուկ հասակում ներգաղթել է ԱՄՆ և մեծացել Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում: Այն ժամանակ բրիտանական Պաղեստին տեղափոխվելուց հետո նա դարձավ սիոնիստական գործի առաջատար խոսնակը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և այն երկու կանանցից մեկը, ովքեր ստորագրեցին Իսրայելի անկախության հռչակագիրը 1948 թվականին: Որպես վարչապետ՝ Իսրայելի և հարևան արաբական պետությունների միջև խաղաղություն հաստատելու նրա ջանքերը դադարեցվեցին 1973 թվականի հոկտեմբերին՝ Յոմ Կիպուրի պատերազմի բռնկմամբ: Մեիրը հրաժարական տվեց 1974 թվականին և չորս տարի անց մահացավ լիմֆոմայից, որը նրա մոտ ախտորոշվել էր 1965-ին:
Մարգարեթ Թետչեր - Մեծ Բրիտանիա
Մարգարետ Թետչերը մեծացել է իրենց պատկանող մթերային խանութի վերևում գտնվող բնակարանում, հաճախել է Օքսֆորդ և, նախքան քաղաքական կարիերա սկսելը, աշխատել որպես արդյունաբերական քիմիկոս։
Պահպանողական կուսակցության շարքերում նա առաջխաղացում ապրեց՝ դառնալով դրա առաջնորդը 1975 թվականին, իսկ չորս տարի անց՝ երկրի առաջին կին վարչապետը և առաջին կինը, ով գլխավորեց Արևմտյան խոշոր երկիր: Նա կոշտ դիրքորոշում որդեգրեց կոմունիզմի դեմ. սովետական մամուլը ընդամենը մեկ ելույթից հետո նրան սկսեց անվանել «երկաթե տիկին»։ Նա Բրիտանիան կանգնեցրեց տնտեսական ճիշտ ուղու վրա՝ խթանելով ազատ շուկայական քաղաքականությունը և թուլացնելով արհմիությունները: Թետչերի 11 տարվա պաշտոնավարումը նրան դարձրեց 20-րդ դարի ամենաերկարակյաց բրիտանացի վարչապետը և ամենաազդեցիկներից մեկն այդ պաշտոնում:
Վիգդիս Ֆինբոգադոտիր - Իսլանդիա
1980 թվականին, լինելով ամուսնալուծված և միայնակ մայր, Ֆինբոգադոտիրը հաղթեց ընտրություններում` դառնալով Իսլանդիայի առաջին կին առաջնորդը և առաջին կինն աշխարհում, ով ժողովրդավարական ճանապարհով ընտրվեց նախագահ: Հայտնի լինելով Իսլանդիայի մշակութային ժառանգությունը հայրենիքում և արտերկրում խթանելու գործով՝ Ֆինբոգադոտիրը մեծ ժողովրդականություն էր վայելում։ Նա վերընտրվել է երեք անգամ՝ երկու ընտրություններում հաղթելով առանց մրցակից թեկնածուի, մյուսում՝ հավաքելով ձայների ավելի քան 96%-ը։ Ֆինբոգադոտիրի՝ 16 տարվա պաշտոնավարումը պատմության մեջ ամենաերկարն է՝ կին ղեկավարների շրջանում։
Անգելա Մերկել - Գերմանիա
Մեծանալով նախկին սոցիալիստական Գերմանիայում՝ Անգելա Մերկելը քիմիայի դոկտորի կոչում է ստացել և աշխատել որպես հետազոտող։ Բեռլինի պատի փլուզումից անմիջապես հետո նա մտավ քաղաքականություն: Կանցլեր Հելմուտ Կոլը Մերկելի՝ իր թիմում աշխատելու տարիներին նրան երբեմն քամահրանքով դիմում էր «mein Mädchen» («իմ աղջիկ»): 2000 թվականին Մերկելը ստանձնեց Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Հինգ տարի անց նա դարձավ երկրի առաջին կին կանցլերը: Նրա չորրորդ վերընտրությունը 2017-ին, իր ցանկությամբ, դարձավ վերջինը։ Նրա կառավարման տարիներն ընդգրկում են եվրագոտու պարտքային ճգնաժամը, փախստականների ճգնաժամը և դրա հետևանքով ծայրահեղ աջական շարժման ակտիվացումը, Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը, ինչը Մերկելին դարձրեց Եվրոպայի ամենաբնակեցված և հզոր երկրի ու աշխարհում չորրորդ ամենամեծ տնտեսության առաջնորդ:
Էլեն Ջոնսոն Սըրլիֆ - Լիբերիա
Ամերիկյան համալսարաններում գիտական աստիճաններ ստանալուց հետո, այդ թվում՝ Հարվարդի պետական կառավարման մագիստրոսի կոչումը, Էլեն Ջոնսոն Սըրլիֆը կարիերա սկսեց իր հայրենի Լիբերիայի հանրային ծառայությունների ոլորտում, մի երկրում, որը հիմնադրվել էր ազատագրված ամերիկյան ստրուկների կողմից։ Լիբերիայի երկարամյա քաղաքացիական պատերազմի տարիներին նա գտնվում էր արտաքսման մեջ՝ ապրելով Քենիայում ու Միացյալ նահանգներում ու աշխատելով բանկային ոլորտում, ՄԱԿ-ում։ 2005թ.-ին՝ պատերազմի ավարտից հետո, Սըրլիֆը Լիբերիայի առաջին նախագահական ընտրություններում հաղթեց տղամարդ թեկնածուներին` ստանալով կին ընտրողների գրեթե 80%-ի աջակցությունը և դառնալով Աֆրիկայի առաջին՝ դեմոկրատական ճանապարհով ընտրված պետության կին ղեկավարը: Ղեկավարման 12 տարիների ընթացքում Սըրլիֆն օգնեց պահպանել խաղաղությունը, վերացնել ազգային պարտքը և կառուցել Լիբերիայի տնտեսությունը։ 2011-ին նա արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված իր աշխատանքի համար, թեև նա նաև քննադատության արժանացավ իր որդիներից երեքին պետական բարձր պաշտոններում նշանակելու և շարունակվող կառավարական կոռուպցիայի համար: