Մշակույթ

Միգրենը թեթևացնելու 10 բնական ճանապարհ

Միգրենը նյարդաբանական հիվանդություն է և շատ ավելին լուրջ է, քան սովորական գլխացավը։ Այն ուղեկցվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են սրտխառնոցը, գլխապտույտը, հոգնածությունը, ձայնի, լույսի կամ հոտերի նկատմամբ զգայունության սրումը: Բժշկի հետ խորհրդակցելուց և այլ հնարավոր հիվանդությունները բացառելուց հետո, երբ կա համոզվածություն, որ ցավը առաջանում է միգրենի հետևանքով, առաջարկվում են հետևյալ 10 բնական միջոցները՝ տան պայմաններում միգրենի ցավը թեթևացնելու համար։ 

1. Մագնեզիումի հավելում 

Համաձայն Միգրենի դեմ պայքարի ամերիկյան հիմնադրամի ցուցումների` սննդակարգում մագնեզիումի հավելումն օրական 400-ից 500 միլիգրամ չափաբաժիններով, կարող է օգնել՝ կանխարգելել միգրենը: Հավելումը կարող է կանխել լույսի և աղմուկի նկատմամբ զգայունությունը։ Հղիության կամ դրա պլանավորման պարագայում չափաբաժինը չպետք է գերազանվի 400 միլիգրամը։ 

2. Վիտամին B2

2015-ի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրական 400 միլիգրամ վիտամին B2-ը նվազեցնում է միգրենի հաճախականությունն ու ծանրությունը։ Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ լիովին հասկանալու համար, թե ինչպես է վիտամին B2-ը կանխում միգրենը, և արդյո՞ք այն օգտակար է ընդհանուր առմամբ, քանի որ մինչ օրս արված ուսումնասիրությունները սահմանափակ են:

3. Կոֆեին 

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կոֆեինը կարող է օգնել միգրենը բուժելուն: Այնուամենայնիվ, 2019-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոֆեինի քրոնիկ ընդունումը մեծացնում է միգրենի հավանականությունը։ Քլիվլենդի կենտրոնը խորհուրդ է տալիս սահմանափակել կոֆեինի օրական չափաբաժինը՝ 150-ից 200 միլիգրամի: Ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե արդյոք կոֆեինը կարող է օգնել միգրենի դեպքում, ուստի կարևոր է խորհրդակցել բժշկի հետ՝ հասկանալու համար, թե այս բուժումը ճիշտ է, թե՝ ոչ:

4. Տաք կամ սառը կոմպրեսները

Ըստ Mayo Clinic-ի՝ տաք կամ սառը կոմպրեսների կիրառումը ևս կարող է օգնել թեթևացնել միգրենը: Համաձայն 2013-ի հետազոտության՝ միգրենի սկսելուն պես վզի շրջանում դրված սառը կոմպրեսը կարող է զգալիորեն թեթևացնել ցավը: Գլխին կամ պարանոցին դրված տաք կոմպրեսը կարող է նաև օգնել հանգստացնել մկանները, ինչը կարող է թեթևացնել լարվածությունը: 

5. Յոգա

Յոգայով զբաղվելը, մի քանի այլ բնական միջոցների հետ մեկտեղ, կարող է նվազեցնել միգրենի հաճախականությունը, տևողությունը և սրությունը:

6. Խուսափել լույսից

Քանի որ միգրենը մեծացնում է զգայունությունը լույսի և ձայնի նկատմամբ, Mayo Clinic-ը խորհուրդ է տալիս հանգստանալ մութ և հանգիստ սենյակում: 

7. Պարբերական մարզումներ

Ըստ Mayo Clinic-ի՝ կանոնավոր մարզվելը կարող է օգնել թուլացնել միգրենի առաջացման վտանգը՝ նվազեցնելով տագնապը, դեպրեսիան և ճարպակալումը: 

8. Բավարար քանակի քուն

Քնի պակասը կարող է միգրենի նոպա առաջացնել: Միգրենով տառապելու պարագայում լավ քունը չափազանց կարևոր է։ Քնի լավ որակը պայմանավորված է ամեն գիշեր միևնույն ժամին քնելով, նույն ժամին արթնանալով և հարմարավետ քնով:

9. Անանուխի յուղ

2010 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անանուխի մեջ պարունակվող մենթոլը անվտանգ և արդյունավետ բուժում է միգրենի աուրայի դեմ: Խորհուրդ է տրվում միգրենի առաջին նշանների դեպքում անանուխի յուղ քսել ճակատին և քունքերին:

10. Մելատոնինի ընդունում

Մելատոնինը հորմոն է, որն նպաստում է օրգանիզմի ցիրկադային ռիթմին՝ օգնելով զգալ հոգնածություն գիշերը և կայտառություն ցերեկը: 2010 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միգրենով հիվանդները մելատոնինի նորմայից ցածր մակարդակ ունեն: Հետազոտությունը ցույց է տալիս, որ մելատոնինի հավելումների ընդունումը՝ օրական մինչև 3 մգ, կարող է պայքարել միգրենի դեմ: