Աշխարհի ամենահին կոշիկի և ամենահին գինեգործարանի քարանձավից մինչև ուրարտական քաղաքի հետքեր, որտեղ հարյուրավոր գինու անոթներ են թաղված հողում, վերջին չորս տասնամյակներին ականատես ենք եղել Հայաստանի հանդեպ գիտնականների և զբոսաշրջիկների արտասովոր հետաքրքրությանը։ Սակայն ոչ մեկն այդ վայրերից այնքան գրավիչ չէ, որքան 4,5 հեկտար տարածքով հնագիտական վայրը, որի անունը նույնքան վիճելի է, որքան՝ նրա խորհրդավոր ծագումը:
Այն գտնվում է Հայաստանի ամենահարավային մասում` Զորաց քարերում, կամ, ժողովրդական լեզվով, Քարահունջում: Սա մի վայր է, որը հազարամյակների ընթացքում բազմիցս բնակեցված է եղել՝ նախապատմականից մինչև միջնադարյան քաղաքակրթություններ: Այն բաղկացած է նախապատմական դամբարանից և մոտակայքում գտնվող ավելի քան երկու հարյուր հարևան մեծ քարե մոնոլիտներից, որոնցից ութսունն ունեն տարբերվող, լավ փայլեցված անցքեր՝ փորված քարերի վերին մասում:
Վերջին տարիներին, ի հիասթափություն տեղացի գիտնականների, մոնոլիտները գրավել են միջազգային հանրության հետաքրքրությունն՝ այն բանից հետո, երբ որոշ հետազոտություններ ի հայտ եկան, որոնք համեմատություններ էին անցկացնելում Զորաց Քարերի և Անգլիայի Սթոունհենջի հայտնի հուշարձանի միջև: Բազմաթիվ զբոսաշրջային կետեր արձագանքեցին համեմատությանը` Զորաց Քարերը անվանելով «հայկական Սթոունհենջ», և, արդյունքում, գիտական հանրության և հանրամատչելի մշակույթի միջև տեղի ունեցած բանավեճը բուռն ստացվեց:
Զորաց քարերի մասին առաջին գիտական պատմությունը 1935 թվականին էր՝ ազգագրագետ Ստեփան Լիսիցյանի կողմից, ով պնդում էր, որ այն ժամանակին գործել է որպես կենդանիներ պահելու վայր։ Ավելի ուշ՝ 1950-ականներին, Մարուս Հասրաթյանը հայտնաբերեց մ.թ.ա. 11-9-րդ դարերի գերեզմանոցների շարք։ Սակայն համալիրի նկատմամբ միջազգային ուշադրությունը գրաված առաջին հետազոտությունը սովետական հնագետ Օննիկ Խնկիկյանինն էր, ով 1984-ին պնդեց, որ համալիրի 223 մեգալիթյան քարերը կարող էին օգտագործվել ոչ թե անասնաբուծության, այլ նախապատմական աստղերի դիտման համար: Նա կարծում էր, որ քարերի վրայի անցքերը, որոնց տրամագիծը 5 սմ է, իսկ խորությունը՝ 50 սմ, կարող էին օգտագործվել որպես վաղ աստղադիտակներ՝ երկինք նայելու համար:
Հետաքրքրված աստղագիտական հետքերով՝ հետազոտությունների հաջորդ շարքը կատարեց աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը՝ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի կողմից, որը ՍՍՀՄ աստղագիտության գլխավոր կենտրոններից էր: Նա և իր գործընկերները դիտեցին անցքերի դիրքը և պարզեցին, որ դրանցից մի քանիսը համահունչ են ամառային արևադարձի օրվա արևածագին և մայրամուտին:
Վերջինս նաև տեղանքի համար Քարահունջ անունը առաջարկողն էր՝ 40 կմ հեռավորության վրա գտնվող նույնանուն գյուղի պատվին: Մինչ նրա հետաքննությունը՝ տեղաբնակներն այդ վայրն անվանում էին «Ղոշուն դաշ», որը թուրքերեն նշանակում է «քարերի բանակ»: Համաձայն ժողովրդական առասպելի՝ քարերը կանգնեցվել են հին ժամանակներում՝ ի հիշատակ պատերազմում զոհված զինվորների: 1930-ական թվականներից հետո տեղացիներն անցան տեղանքի հայերեն անվանը՝ Զորաց քարեր։ Բայց Քարահունջը, Պարսամյանի խոսքով, ավելի հետաքրքիր անուն է, քանի որ այն «քար» բառի և «հունջ» յուրօրինակ վերջածանցի համակցությունն է, որը հայերենում ոչ մի նշանակություն չունի, բայց որոշակիորեն նման է անգլիական «հենջին»: Վերջին տարիներին այս անունը խիստ քննադատության է արժանացել գիտնականների կողմից և գիտական տեքստերում գրեթե բացառապես օգտագործվում է «Զորաց քարեր» անունը։
«Հայկական Սթոունհենջ» պիտակի հետ կապված խնդիրն այն է, որ Սթոունհենջը հնագույն աստղադիտարան ճանաչող վերլուծությունները, այսօրվա դրությամբ, մեծապես չեղարկվել են։ Արդյունքում, երկու համալիրների միջև համեմատություններ անցկացնող հետազոտությունն անիմաստ է դառնում: Հայաստանի ԳԱԱ հնագետ, պրոֆեսոր Պավել Ավետիսյանի խոսքով՝ հուշարձանի վերաբերյալ գիտական վեճ չկա. «Փորձագետները հստակ պատկերացում ունեն տարածքի մասին,- ասում է նա,- և կարծում են, որ այն բազմաշերտ հուշարձան է, որը պահանջում է երկարատև պեղումներ և ուսումնասիրություններ»:
2000թ. նա օգնեց Մյունխենի համալսարանի գերմանացի հետազոտողների թիմին՝ հետազոտել տեղանքը: Իրենց բացահայտումներում նրանք նույնպես հարցականի տակ դրեցին աստղադիտարանի վարկածը՝ գտնելով, որ ճշգրիտ հետազոտությունն այլ արդյունքներ է տալիս։ Ավետիսյանի թիմը հուշարձանը թվագրում է մ.թ.ա. 2000-ից ոչ հին, այսինքն՝ Սթոունհենջից հետո, և նաև ենթադրում է, որ այդ վայրը հելլենիստական ժամանակաշրջանի պատերազմների ժամանակ ծառայել է որպես ապաստարան։
«Տեսակետը, թե հուշարձանը հնագույն աստղադիտարան է, կամ դրա անունը Քարահունջ է, տարրական շառլատանություն է, ուրիշ ոչինչ։ Այդ ամենը,- ասում է Ավետիսյանը,- գիտության հետ կապ չունի»: