Պրիմաչենկոն ուկրաինացի ժողովրդական նկարչուհի է, ՈւՍՍՀ ժողովրդական նկարիչ (1988), «Ժողովրդական պրիմիտիվիզմի» («նաիվ արվեստ») ներկայացուցիչ։ Մարիա Ավկսենտևնայի մանկությունն անցել է սաստիկ հիվանդությամբ` պոլիոմիելիտով։ Մարիա Ավկսենտևնան արժանապատվորեն և խիզախորեն է տանում կյանքի բոլոր դժվարությունները, այդ թվում՝ ռազմաճակատում ամուսնու մահը։ Իսկ որդին` Ֆյոդոր Վասիլևիչ Պրիմատչենկոն (1941-2008), եղել է նրա աշակերտը և համարվել Ուկրաինայի ժողովրդական նկարիչ:
1936 թվականին Մարիա Ավկսենտևնային հրավիրում են Ուկրաինական արվեստի Կիևի թանգարանին կից փորձարարական արվեստանոցներ։ Նրա ստեղծագործությունը դառնում է ավելի բազմազան, Մարիան նկարում է, ասեղնագործում, հրապուրվում կերամիկայով։ Ուկրաինական ժողովրդական և դեկորատիվ կիրառական արվեստի պետական թանգարանում պահպանվում են այդ ժամանակաշրջանի նրա կերամիկական սափորներն ու սկուտեղները։
1936 թվականին Ժողովրդական արվեստի ցուցահանդեսին Պրիմաչենկոն պարգևատրվում է առաջին աստիճանի դիպլոմով։ Հետագայում նրա ստեղծագործություններն անփոփոխ հաջողություններով ցուցադրվում են Փարիզում, Վարշավայում, Սոֆիայում, Մոնրեալում, Պրագայում կազմակերպվող ցուցահանդեսներում։ 1986 թվականին նա ստեղծում է իր չեռնոբիլյան նկարների շարքը։
Նկարչուհու ստեղծագործական ժառանգությունը դարձել է ուկրաինական ազգային ինքնության խորհրդանիշ՝ հայտնվելով նամականիշների, ուկրաինական դրամների վրա: Ուկրաինացի տիեզերագնաց Կլիմ Չուրիմովը նրա անունով է կոչել մի մոլորակ:
Երբ Իվանկովի տեղական պատմության թանգարանում հրդեհ բռնկվեց ռուսական ռմբակոծության ժամանակ, մի ուկրաինացի տղամարդ վտանգի ենթարկեց իր կյանքը, որպեսզի փրկի նկարչուհու 25 աշխատանքները: Սակայն Պրիմաչենկոյի ողջ կյանքի աշխատանքն այժմ շատ ավելի մեծ սպառնալիքի տակ է՝ Կիևի Ազգային ժողովրդական և դեկորատիվ արվեստի թանգարանում պահվող 650 գեղանկարներով ու գծանկարներով հանդերձ:
Ասում են, որ երբ 1937 թվականին Պրիմաչենկոյի նկարներից մի քանիսը ցուցադրվել են Փարիզում, նրա հանճարը գովասանքի է արժանացրել Պիկասոն, ով ասել է. «Խոնարհվում եմ այս հանճարեղ ուկրաինուհու գեղարվեստական հրաշքի առջև»: Այս երիտասարդ գյուղացի կինը, որը երբեք նկարչության դասեր չէր անցել իր ողջ կյանքում, հրեշներ էր պատկերում և հավաքում այն առակները, որոնք համահունչ էին Պիկասոյի և նրա սյուրռեալիստ ընկերների աշխատանքներին։ Մինչ Պիկասոն ներկայացնում էր իր «Գերնիկա» աշխատանքը իսպանական տաղավարում՝ ցլամարտի պատկերներն օգտագործելով պատերազմի սարսափները պատկերելու համար, Պրիմաչենկոն նույնպես նախապատմական առասպելներով հորինվածքներ էր պատկերում, որպեսզի ներկայացներ ուկրաինացիների ապրած սարսափելի դեպքերը։
Առաջին հայացքից՝ նկարչուհի աշխատանքները կարող են միայն գունագեղ, դեկորատիվ և «նաիվ» պատկերներ թվալ՝ ներկայացնելով Պրիամչենկոյին որպես սուր զգացողությամբ ժողովրդական նկարչուհի: Ստեղծած պատկերներում նա ոչ միայն վերածնում է ժողովրդական ավանդական արվեստի խորհրդանիշներն ու ձևերը, այլև պատկերում միայնակ և արյունարբու հրեշներին՝ բռնությամբ թունավորված բնության մեջ: Հենց այս ժամանակաշրջանում էր կատարվում Ստալինյան տեռորը, որին զոհ գնացին միլիոնավոր մարդիկ:
1960-ականներին նրա աշխատանքները ազատագրական վերածնության կենտրոնում էին, նա, իր ժողովրդական պատկերներով, օգնում էր սնել նոր ուկրաինական գիտակցությունը: Նրա՝ 1960-ականների ստեղծագործություններում նույնիսկ հիպպիական շունչ կա: Այսօր էլ իր աշխատանքները օգնում են երիտասարդ ուկրաինացիներին՝ վերագտնել իրենց ինքնությունը: