Մշակույթ

Ովքե՞ր են Աֆղանստանի «բաչա պոշ» դարձած երեխաները

Կանանց և աղջիկների իրավունքները սահմանափակված են Աֆղանստանի հայրիշխան հասարակության մեջ, իսկ պարտականություններն էլ վերաբերում են միայն տան հոգսերին ու ընտանիքով զբաղվելուն: Այդ առումով «բաչա պոշ» կոչվող ավանդույթը, որը բառացիորեն նշանակում է՝ «տղայի պես հագնված», դառնում է իգական սեռի համար միջոց՝ տղամարդկանց կողմից ղեկավարվող աշխարհ ավելի ազատ մուտք գործելու համար:

Ըստ այդ ավանդույթի՝ աղջիկ-երեխան իր պահվածքով, հագուկապով տղա է դառնում՝ ձեռք բերելով դրան հետևող բոլոր ազատություններն ու պարտականությունները: Երեխան կարող է սպորտով զբաղվել, այցելել մադրասա կամ կրոնական-հոգևոր ուսուցման դպրոց, երբեմն էլ, ընտանիքի ապրուստը ապահովելու համար, աշխատել: Բայց այդ ամենն այնքան ժամանակ, քանի դեռ նա սեռահասուն չէ: Հասունացումից հետո ակնկալվում է, որ նա կվերադառնա ավանդական աղջկական պահելաձևին: Այդ անցումն էլ, հաճախ, ինքնին դյուրին չէ: 

Այս պրակտիկայի ծագումը հայտնի չէ, և անհնար է այժմ պարզել, թե որքան է տարածված այն եղել: Նմանատիպ մեկ այլ ավանդույթ կա նաև Ալբանիայում, որը նույնպես ամբողջովին պատրիարխալ պետություն է: Ալբանիայում այս ավանդույթը վերաբերվում է մեծահասակներին: Կինը կուսակրոն մնալու երդում տալուց հետո միայն կարող է ունեցվածք ժառանգել, աշխատել և ձայն ունենալ գյուղխորհրդում:  

«Բաչա պոշ» ավանդույթը ամենաքիչ ուսումնասիրվածներից է: Պատճառներից մեկն այն է, որ այդ աղջիկները վերադառնում են իրենց կանացի սոցիալական դերին և ամուսնանում, այդ պրակտիկան էլ դրանով վերանում է: Այս ավանդույթով դաստիարակելու համար սովորաբար ընտրում են ավելի առույգ, ինքնավստահ աղջիկ-երեխաներին: Հաճախ նրանք այնքան ներդաշնակ են լինում իրենց այդ դերին, որ հարազատներն ու բարեկամները կարող են տեղյակ չլինել նրանց սեռային պատկանելության մասին:

Պատճառներից մեկը, թե ինչու են ծնողները ցանկանում «բաչա պոշա» ձևով դաստիարակել աղջիկներին, տարբեր են: Այս հասարակություններում, որտեղ տղաներն ավելի շատ են արժևորվում, քան աղջիկները, տղա չունեցող ընտանիքներում այդ ավանդույթը կարող է նախընտրելի լինել: Շատերն էլ այն դիտարկում են որպես սոցիալական կարգավիճակը փոխելու հնարավորություն, մի մասն էլ համարում է, որ այն կարող է հաջողություն բերել՝ ընտանիքին հաջորդ անգամ պարգևելով տղա-երեխա: