Մշակույթ

Կայացավ «Արտավազդ 2022» մրցանակաբաշխությունը

Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որը 2022-ին նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

Երաժշտական կատարումներով հագեցած մրցանակաբաշխությանը «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Աղասի Մելքոնյանի «Կոկորդիլոսը» (Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթեց Էվա Խաչատրյանը՝ «Հինգ պատմություն սիրո մասին» բեմադրության մեջ կնոջ դերի համար (Կամերային թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեցին Հարություն Սարգսյանը՝ «…և նորից Գարուն» բեմադրության մեջ Մաքի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն) և Գոռ Համբարձումյանը՝ «Սկապենի արարքները» ներկայացման մեջ Արգանտի դերի համար (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Մերի Սարգսյանը՝ «Ճախրող լամպը» բեմադրության համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն):

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Սամսոն Մովսեսյանի «Երեք քույր» բեմադրությունը (Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոն):

«Լավագույն թատերագիտական հոդված» համարվեց Քրիստինե Պողոսյանի «Հաջողված թռիչք»-ը:

«Լավագույն սցենոգրաֆիա և զգեստների նկարիչ» անվանակարգում «Արտավազդի» արժանացավ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում բեմադրված «…և նորից Գարուն» ներկայացման համար:

«Երաժշտության լավագույն հեղինակ» անվանակարգում հաղթեց Վահե Գրիգորյանը՝ Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» բեմադրության համար:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» համարվեց Էդգար Քոչարյանը՝ «Երկիր հայրենի» բեմադրության մեջ Վեստ Սարգսի դերի համար (Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն):

 «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Արտավազդը» տրվեց Արմինե Անդրեասյանին՝ «…և նորից Գարուն» ներկայացման մեջ միսս Մարթայի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն) և Հասմիկ Սուվարյանին՝  Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թատրոնի «Մաուգլի» ներկայացման մեջ Բագիրայի դերի համար:

«Լավագույն դերասանուհի» ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը՝ Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի «Երեք քույր» ներկայացման մեջ Մաշայի դերի համար և Ելենա Վարդանյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացման մեջ առաջին կնոջ դերի համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակների արժանացան Արթուր Կարապետյանը՝ Հ.Պարոնյանի անվ. թատրոնի «Ներոն և Սենեկա» ներկայացման մեջ Ներոնի դերի համար և Սենիկ Բարսեղյանը՝ Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» բեմադրության մեջ Ներոնի դերի համար:

«Լավագույն պլաստիկ ներկայացում» անվանակարգում հաղթեցին «Նարեկ» պարային համույթի «#44»-ը, որի խորեոգրաֆներն են Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը և Մնջախաղի թատրոնի «ՍինSIN»-ը, որի բեմադրիչը Կարեն Խաչատրյանն է:

 «Լավագույն ներկայացում» ճանաչվեց Կամերային թատրոնի «Համլետ» ներկայացումը, որի բեմադրիչը Արա Երնջակյանն է: Մրցանակը ստանալու համար բեմ բարձրացավ ոչ միայն Արա Երնջակյանը, այլև բեմադրության մեջ ընդգրկված բոլոր դերասանները: Երիտասարդ դերասան Դավիթ Աբրահամյանը հենց բեմում ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Ժաննա Քոչարյանին, որը շատ հուզված էր:

Հիմնական անվանակարգերից բացի հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ:

Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արմեն Մարությանը:

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակներ շնորհվեցին Ջուլիետա Բաբայանին, Հարություն Մովսիսյանին, Հայկուհի Խուդավերդյանին, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանին, Սվետլանա Կոնստանտինովային:

«Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացան Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մաուգլի» ներկայացումը:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը,  դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։