Մշակույթ

Մեծանուն հայեր. Եգիպտոսի հայազգի տիրակալի որդին

Պողոս Նուբար Փաշան հայ ականավոր հասարակական և քաղաքական գործիչ է, մեծ բարերար ու գործարար, որը տասնամյակներ առաջնորդել է նաև հայ ժողովրդի պայքարը՝ հանուն ազատության և ինքնորոշման: Մարդ, որը եղել է Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին, ինչպես նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից ու առաջին նախագահը։ Հենց Պողոս Նուբար փաշայի ղեկավարած պատվիրակությունն է մասնակցել Փարիզի վեհաժողովին և ներկայացրել հայ ազգի շահերը համաշխարհային տերությունների մոտ։

Պողոս Նուբարը ծնվել է 1851թ. օգոստոսի 2-ին՝ Կոստանդնուպոլսում։ Հայրը՝ Նուբար Նուբարյանը, երեք անգամ եղել է Օսմանյան կայսրության, իսկ ավելի ճիշտ՝ անգլո֊ֆրանսիական գերիշխանության տակ գտնվող Եգիպտոսի վարչապետը։ Նուբարյան գերդաստանը սերում էր Սյունիքի մելիքներից։ Դավիթ Բեկի իշխանության ժամանակ նրա նշանավոր զորավարներից մեկն էր Չավնդուրի մելիք Թորոսը։ 1724թ., երբ նա սպանվեց, նրան իր պաշտոնում փոխարինեց մելիք Նուբարը, ով իշխանության տապալումից հետո անցավ Զմյուռնիա, որտեղ էլ հաստատվեց Նուբարյանների գերդաստանը։ 

Նուբարյանները այնուհետ կապեր հաստատեցին Եգիպտոսի հետ և տեղափոխվեցին այնտեղ՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ։ Եգիպտոսը Պողոս Նուբար փաշայի հորն է պարտական՝ Սուեզի ջրանցքի կառուցման համար։

Պողոս Նուբարը նախնական կրթությունը ստացել է տանը՝ հրավիրված ուսուցիչների միջոցով, այնուհետև ուսանել է Շվեյցարիայում և Ֆրանսիայում, ապա՝ Փարիզի կենտրոնական վարժարանի ճարտարագիտաարդյունաբերական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցնել ֆրանսիական հանքերում ու երկաթուղիներում։ 1879-ին Պողոս Նուբարը մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ էլ գտել է կյանքի ընկերուհուն, ով թուրքական արքունիքի հանձնակատար Հովհաննես Տատյան բեյի աղջիկն էր՝ Մարին։ 1880թ. նրանք ամուսնացել են և ունեցել հինգ զավակ՝ չորս որդի և մեկ դուստր։ 

Պողոս Նուբարին գրավում էր գործարար աշխարհը։ Մոտ տասնյակ բանկերի և ընկերությունների ղեկավար կամ վարչության անդամ էր, հսկայական կարողության տեր։ 1899թ. Պողոս Նուբարը, բելգիացի միլիոնատիրոջ հետ, Կահիրեում նոր թաղամաս կառուցելու մտադրությամբ հիմնեց «Օազիս» ընկերությունը։ Հելիոպոլիսն այսօր էլ Կահիրեի դիտարժան վայրերից է։ Մեծ էր նրա ներդրումը նաև երկրագործության բնագավառում։ Ջրոռոգման աշխատությունից հետո նա ճանաչվեց որպես գիտնական։ Ստեղծեց նոր տիպի տրակտոր և այն ներկայացրեց Փարիզում՝ արժանանալով պատվո լեգեոնի խաչի։ 

1906թ. Կահիրեում տեղի ունեցավ նշանավոր գործիչների համագումար, որը հիմնեց աշխարհում մինչ այսօր գործող հայկական ամենամեծ բարեգործական ընկերությունը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, որի նախագահ ընտրվեց Պողոս Նուբարը։ Նպատակը արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայությանն օգնելն էր։ Ստեղծվեց անձեռնմխելի հիմնադրամ, որը կնպաստեր ծրագրի հարատևմանը։ 

1912թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի կոնդակով գլխավորեց ազգային պատվիրակությունը և պետք է մեծ տերություններին ներկայացներ Օսմանյան թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը։ Նրան էին ընտրել, քանի որ ուներ կարողություն, որևէ կուսակցության չէր հարում, հեղինակություն էր աշխարհասփյուռ հայության համար և Եվրոպայի դիվանագիտական պաշտոնական շրջանակներում։ Ի տարբերություն մինչ այդ պատվիրակության ղեկավար հոգևորականների՝ նա հարցը ներկայացնում էր ոչ թե մարդասիրական, այլ շահադիտական տեսանկյունից։ Արդյունքում 1914թ. մշակվեց Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիր, որը, ցավոք, համաշխարհային պատերազմի պատճառով մնաց անկատար։ Պատերազմի սկսելու պահին Պողոս Նուբարը, կիլիկիահայերին փրկելու նպատակով, 1914թ. նոյեմբերին ծովեզերքը գրավելու առաջարկով դիմում է անգլիական իշխանություններին՝ բրիտանական ուժերի ափ հանումը կապահովեր տեղի հայերի անվտանգությունը, սակայն բրիտանացիները այլ ծրագիր ունեին։ 

Պողոս Նուբարը նոր թափ է հաղորդել նաև արևելահայերի շարժմանը՝ 6000 ոսկի ուղարկելով Թիֆլիս։ 1919թ. ապրիլին նա և ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը Ամերկոմի հետ համաձայնագիր ստորագրեցին, և Հայաստան մեծ օգնություն եկավ՝ ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով։ Մի քանի ամսվա ընթացքում 1,6 մլն ֆրանկի օգնություն ուղղվեց արևմտահայերին։ 1919թ. Պողոս Նուբարը, որպես արևմտահայերի պատվիրակության ղեկավար, ՀՀ պատվիրակության հետ ներկայացավ Փարիզի կոնֆերանսում։ 1919թ. հոկտեմբերի 29-ին Պողոս Նուբարը Միացյալ կառավարություն ստեղծելու առաջարկով պատվիրակներ ուղարկեց Հայաստան, սակայն արդյունքի չհասան։

Առողջության վատթարացման պատճառով 1928 թվականի մայիսի 28-ին հրաժարական տվեց. ՀԲԸՄ-ն ղեկավարեց Գալուստ Գյուլբենկյանը, իսկ Պողոս Նուբար փաշան հռչակվեց հավերժ նախագահ։ Սփյուռքում հովանավորել է մի շարք դպրոցների կառուցումն ու գործունեությունը։ Հայագիտությունը զարգացնելու նպատակով 4000 ոսկի է փոխանցել Օքսֆորդի համալսարանին՝ հայագիտական ամբիոն բացելու համար։ Խոշոր ձեռնարկներից էր նաև Փարիզում Նուբարյան մատենադարանի հիմնումը։

Մահացել է 1930 թ.՝ Փարիզում։ Նրա անունով է վերանվանվել Երևանի Նուբարաշեն շրջանը, որը կառուցվել էր Պողոս Նուբար փաշայի միջոցներով։