Չիլիում, Շվեդիայում և Իսրայելում արդեն թույլ են տալիս կատարել ԿՈՎԻԴ-19-ի դեմ երկրորդ խթանիչ պատվաստումը: Այս չափաբաժնի անհրաժեշտությունը առաջացել է Եվրոպայում վարակման բարձր ցուցանիշներ գրանցող օմիկրոնի BA.2 ենթատեսակի տարածման պատճառով: Միացյալ Նահանգներում պատվաստանյութ արտադրող ընկերությունները արդեն դիմել են համապատասխան մարմիններին՝ երկրորդ խթանիչ չափաբաժինը թույլատրելու համար:
«Pfizer» և «Moderna» պատվաստանյութերի արտադրությամբ զբաղվող գիտնականները նշում են, որ, վերջին հետազոտությունների համաձայն, այս պատվաստանյութերի արդյունավետությունը՝ հոսպիտալացման առումով, նվազել է 91%-ով՝ նախնական, խթանիչ չափաբաժինը ստանալուց երկու ամիս անց, իսկ նույն չափաբաժինը ստանալուց չորս ամիս անց՝ արդյունավետությունը նվազել է 78%-ով: Ըստ «Pfizer»-ի մեկ այլ հետազոտության՝ ծանր հետևանքներ ունենալու հավանականությունը չորս անգամ ավելի փոքր է այն մարդկանց մոտ, որոնք ստացել են պատվաստանյութի երկրորդ խթանիչ չափաբաժինը, եթե համեմատենք նրանց հետ, որոնք ստացել են միայն մեկ խթանիչ չափաբաժին:
Այնուամենայնիվ, գիտնականները միանշանակ կարծիք չունեն այս պահին երկրորդ խթանիչ չափաբաժնի անհրաժեշտության վերաբերյալ: Թեև բնակչության առանձին՝ խոցելի խմբերին երկրորդ խթանիչ չափաբաժինը կարող է իսկապես օգնել՝ խուսափելու օմիկրոնի հարուցած խնդիրներից: Այժմ նշված ընկերությունները աշխատում են հենց օմիկրոն տեսակի վարակի դեմ պատվաստանյութի մշակման վրա, որը, միգուցե, ավելի արդյունավետ լինի դրա դեմ պայքարում: