Օրերս նշվեց հայ մեծանուն բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հրատարակիչ Եղիշե Չարենցի 125-ամյակը: Չարենցին և նրա գործունեությանը նվիրված միջոցառումների թվում էին ինչպես չարենցյան ընթերցումների երեկոները, այնպես էլ՝ նրա ստեղծագործությունների նոր հրատարակությունների շնորհանդեսները:
Այսպես, «Վերնատուն» հրատարակչության «Կարդալիք» մատենաշարի հերթական հրատարակությունը նվիրված էր մեծ պոետի սիրային ստեղծագործություններին:
«Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծությունների ընտրանին ամփոփում է «Կապույտ աղջկանից» մինչև անհաս սիրո խորհրդանիշ Նավզիկե, առաջին լուսե սիրուց մինչև «Փողոցային պչրուհի» սիրային պատմությունները, որոնք, հերթագայելով իրար, արտացոլել են բանաստեղծի սրտի փոթորկումները։
«Թեև Չարենցի ստեղծագործությունների տասնյակ ժողովածուներ կան, բայց նրա սիրային գործերի ընտրանին հրատարակվում է առաջին անգամ: Գրքում երկերը դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ:
«Լուսամփոփի պես աղջիկ»-ը ներկայացնում է Չարենցի չափածոյի ժանրային և ոճային ողջ բազմազանությունը։ Մեծ պոետի անձնական ապրումների այս հատորյակը կարող է սիրո խոստովանության հրաշալի միջոց լինել յուրաքանչյուրի համար», - նշված է «Վերնատուն» հրատարակչության հաղորդագրությունում։
Ընտրանին արդեն կարող եք ձեռք բերել Հայաստանի գրախանութներում:
Գայանե Բաբայան