«Անտարես» հրատարակչությունը Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանին նվիրված երկու հրատարակություն է նախատեսել. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ Լույս կտեսնի Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի՝ 1933թ․ տպագրված, ապա կարճ ժամանակ անց արգելված տարբերակը՝ առանց կրճատումների, միայն փոխված ուղղագրությամբ։
Բացի այդ՝ նախատեսվում է լույս ընծայել նաև Չարենցի մասին գրականագետի երեք ուսումնասիրությունները։ «Չարենց՝ երեք ուսումնասիրություն» գրքում լույս կտեսնեն տարբեր տարիներին տպագրված Նիկողոսյանի հոդվածները։
Արքմենիկ Նիկողոսյանը հիշեցրեց նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը, Չարենցի տուն-թանգարանը և որոշ հրատարակչություններ մեծանուն բանաստեղծին նվիրված տարբեր ծրագրեր ունեն։ ««Շողակաթ» հեռուստաընկերությամբ ես և Հայկ Համբարձումյանը «Զուգահեռ ընթերցումներ» շարքում արդեն չորս հաղորդում ենք պատրաստել՝ նվիրված Չարենցին, նրա կյանքին, ստեղծագործության տարբեր շրջաններին։ Բացի դա՝ Հանրային ռադիոյում իմ «Խոսքի տարածություն» հաղորդման յուրաքանչյուր ամսվա առաջին թողարկումը՝ ուղիղ եթերով, նվիրված է Չարենցի բանաստեղծություններին ու դրանց մեկնաբանությանը»։
Գրականագետի կարծիքով՝ յուրաքանչյուր հրատարակչություն պետք է իր տուրքը մատուցի մեծ բանաստեղծին։ Նա հույս հայտնեց, որ Չարենցին նվիրված այլ միջոցառումներ ևս կլինեն. «Յուրաքանչյուր իրեն հարգող չարենցասեր պետք է ինչ-որ բան անի՝ Չարենցին նվիրված»։