Մշակույթ

«Մի՛ նայիր վերև». Օսկարի լավագույն ֆիլմերը

Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին՝ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում: Մրցանակաբաշխությանն ընդառաջ՝ «Ռադար» լրատվական կայքը պարբերաբար կներկայացնի այս ֆիլմերն իր ընթերցողներին: 

«Լավագույն կինոնկար» անվանակարգում նոմինացված են «Բելֆաստ», «Սոդա», «Մի՛ նայիր վերև», «Նստի՛ր մեքենայիս ղեկին», «Դյուն», «Ռիչարդ արքա», «Մատուտակի պիցցա» «Մղձավանջների ծառուղի», «Շան ուժը», «Վեստսայդյան պատմություն» ֆիլմերը: «Մղձավանջների ծառուղի»-ն Բրեդլի Կուպերի չորրորդ նոմինացիան է «լավագույն կինոնկար» անվանակարգում՝ «Ամերիկյան դիպուկահարը» (2014), «Աստղ է ծնվել» (2018) և «Ջոկեր» (2019) կինոնկարների համար նոմինացվելուց հետո: 

Եվ այսպես, այսօր կանդրադառնանք ռեժիսոր Ադամ Մակքենի «Մի՛ նայիր վերև» կինոնկարին, որը նաև ֆիլմի համապրոդյուսերն է և սցենարի հեղինակը: Այն տեղայնացրել է Netflix սթրիմինգային հարթակը: 

Ֆիլմի հիմնական դերակատար Քեյթ Դիբիասկին, որին մարմնավորում է Ջենիֆեր Լոուրենսը, աստղագիտության ասպիրանտ է, որն իր դասախոս, դոկտ. Ռենդալ Մինդիի (որի դերում հանդես է գալիս Լեոնարդո Դիկապրիոն) հետ ապշեցուցիչ բացահայտում է անում. արեգակնային համակարգում շրջապտույտ է կատարում մի գիսաստղ, որը շարժվում է Երկիր մոլորակի ուղղությամբ: Բայց, որ ամենակարևորն է, ոչ ոքի, կարծես, դա չի հուզում: Պարզվում է՝ Էվերեստ լեռան չափի գիսաստղի կողմից մոլորակի վերացման վտանգն անհարմար փաստ է բոլորի, հատկապես՝ կառավարող վերնախավի համար: Քեյթի և Ռենդալի ջանքերը՝ տեղեկացնել մոտեցող վտանգի մասին լրատվամիջոցներով, ինչպես նաև՝ երկրի անտարբեր նախագահին (որի դերը վստահված է Մերիլ Սթրիփին) և նրա աշխատակազմի ղեկավարին, ով համատեղությամբ նաև իր սակավամիտ որդին է, ապարդյուն են: 

Այստեղ հարկ է նշել առավոտյան հաղորդաշարի հաղորդավարի դերում հանդես եկող Քեյթ Բլանշետի անզուգական խաղը: Վերադառնանք ֆիլմին․ այսպիսով, մարդկությանը մնացել է վեց ամիս՝ մինչև այդ գիսաստղը կբախվի Երկիր մոլորակին՝ բերելով անդառնալի հետևանքների: Ֆիլմի գլխավոր հերոսները, գիտակցելով պատասխանատու մարմինների անգործությունը, փորձում են հասանելի բոլոր միջոցներով՝ սոցցանցեր և այլն, հասցնել մարդկանց հիմնական ուղերձը՝ «նայե՛ք վերև, քանի դեռ ուշ չէ»: Այս ողջը ընթացքը շատ ավելի կատակերգական է ստացվում, քան կարելի է պատկերացնել, երբ մտածում ես աշխարհի վերջի վտանգի առջև կանգնած հանրությունից ակնկալվող մտածողության և գործողությունների մասին: Ի վերջո՝ ի՞նչը կստիպի մարդկանց՝ նայել վերև: Այս հարցի պատասխանը կգտնեք՝ դիտելով ֆիլմը:

Այս զավեշտալի, սատիրայի տարրերով համեմված կինոպատումը առավել քան արդիական է թվում՝ կլիմայական փոփոխությունների ու գլոբալ տաքացման հիմնախնդրի համատեքստում: Ֆիլմի հիմնական ուղերձը թերևս ամփոփված է նրանում, որ թե՛ իշխող վերնախավը, թե՛ մեդիա-շրջանակները ունակ չեն պատշաճ կերպով արձագանքել և հակազդել մարդկությանը սպառնացող իրական աղետին: 

Ֆիլմի սցենարի հեղինակներ Ադամ Մակքեյն ու Դեվիդ Սիրոտան համարյա երկուսուկես ժամվա ընթացքում հետևողականորեն և կատաղի կերպով, կարծես, «շամփուրի վրա են հանում» այն կերպարներին ու կառույցներին, որոնք խոչընդոտում են մանկամտացված, եսակենտրոն հասարակությանը՝ լրջորեն մոտենալ կլիմայի փոփոխության հարցերին: Անշուշտ, նրանք դա անում են ծիծաղի ու զավեշտի լեզվով: 

Ֆիլմը, իհարկե, նաև խիստ քննադատության է արժանացել: Քննադատության հիմնական թիրախը ֆիլմի փորձն է՝ ներկայացնել բարդ խնդիրը մակերեսային պատկերացումներով, մոլորեցնող տերմիններով ու չափից դուրս պարզունակ: 

Այնուամենայնիվ, ֆիլմի դերասանական կազմը տպավորիչ է և ներառում է մի քանի օսկարակիր դերասաններ, որոնք հաստատ ձեզ չեն հիասթափեցնի իրենց խաղով: Շտապե՛ք դիտել այս կինոնկարը՝ մինչ մրցանակաբաշխությունը: