Մշակույթ

Ինչպես Միլա Կունիսն ու իր ընտանիքը փախան Ուկրաինայից՝ մինչև Հոլիվուդի աստղ դառնալը

Դերասանուհի Միլա Կունիսը ծնվել է Ուկրաինայում՝ 1983թ․, հրեաների ընտանիքում։ Յոթ տարի անց նա, իր ընտանիքի հետ, ստիպված է եղել լքել երկիրը:

Միլենա Մարկովնա Կունիսը Ուկրաինայից տեղափոխվել է 1991թ․՝ ՍՍՀՄ փլուզումից անմիջապես առաջ։ 

«Family Guy»-ի աստղը, ով ամուսնացած է Էշթոն Քեթչերի հետ, մի առիթով ասել էր, որ հակասեմիտիզմն էր հայրենիքը լքելու պատճառը։

Հրեա դերասանուհին բացատրել է, որ իր ողջ ընտանիքը ժամանակին Հոլոքոստի միջով է անցել։

Մեխանիկ-ինժեների և ֆիզիկայի ուսուցչի դուստրը՝ Միլան, ունի եղբայր՝ Միխայիլը, որի հետ էլ Ուկրաինայում դպրոց է գնացել. «Երբ մենք դպրոց էինք գնում, դեռևս հակասեմիտական նշաններ էին նշմարվում»:

2016թ․ Glamour ամսագրին տված հարցազրույցում Միլան պատմել է այն դժվարությունների մասին, որոնց միջով անցել են իր ծնողները, երբ տեղափոխվել են Ամերիկա՝ երեխաներին ավելի լավ կյանք ապահովելու նպատակով:

«Իմ ծնողները դժոխքի միջով են անցել․ նրանք Ամերիկա են եկել  ճամպրուկներով և յոթ հոգանոց ընտանիքով՝ ունենալով ընդամենը 250 դոլար», - ասել է նա:
 

Ժամանակին Star-Ledger-ի տված հարցին, թե ինչպես է վերաբերում իր հայրենիքին և Ռուսաստանի ներխուժմանը Ղրիմ, Միլան պատասխանել է. «Միայն այն, որ ես այնտեղ ապրել եմ մինչև 7 տարեկանս, չի նշանակում, որ ինձ պետք է նույնացնել Ուկրաինայի հետ»:

Զույգը 3 միլիոն դոլար է խոստացել՝ Ուկրաինային օգնելու համար

Կունիսը մի քանի անգամ հայտարարել է, որ «իրեն միշտ ամերիկուհի է համարել», սակայն վերջերս՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, նա ընդգծել է, որ հպարտ է իր ուկրաինական ծագմամբ։

Միլայի ամուսինը՝ 44-ամյա Էշթոնը, խոստացել է 3 միլիոն դոլար նվիրատվություն անել՝ ուկրաինացի փախստականներին օգնելու նպատակով:

Անցյալ շաբաթ ինստագրամյան մի տեսանյութում Միլան ասել է. «Ես ծնվել եմ Չեռնովցիում՝ 1983թ․: Ամերիկա եմ եկել 1991թ․: Ես ինձ միշտ ամերիկացի եմ համարել։ Հպարտ ամերիկուհի եմ, սիրում եմ այն ​​ամենն, ինչ այս երկրում արել եմ իմ և իմ ընտանիքի համար: Բայց այսօր ես, ավելի քան երբևէ, հպարտ եմ նաև, որ ուկրաինացի եմ»:

Նրա ամուսինը՝ Էշթոնը, հավելել է. «Ես էլ երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ ամուսնացել եմ ուկրաինուհու հետ»:

Միլայի ամուսինը հայտնել է, որ միջոցներ են հավաքում, որոնք կուղղվեն փախստականներին օգնելու գործին: