Կիևյան Ռուսիա
Սուրբ Սոֆիայի մայր տաճարը կառուցվել է 1011-1018թթ.՝ Կիևյան Ռուսիայի երկու հզոր առաջնորդների՝ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի (կառավ. 980-1015թթ.) և նրա որդու՝ իշխան Յարոսլավ Իմաստունի (կառավ. 1016-18 և 1019-54թթ.) օրոք: Իշխան Վլադիմիրի օրոք է Կիևյան Ռուսիան ընդունել ուղղափառ քրիստոնեությունը՝ 988-989թթ.: Ըստ ավանդության՝ Դնեպր գետում կատարվել են մկրտության զանգվածային ծիսակատարություններ: Քրիստոնեությունը ընդունելուց հետո Վլադիմիրը սերտ կապեր է հաստատել այլ քրիստոնյա ժողովուրդների հետ, հատկապես՝ Բյուզանդական կայսրության: Ընդունված է համարել, որ բյուզանդական վարպետներն են մասնակցել Սուրբ Սոֆիայի կառուցման և հարդարման աշխատանքներին: Կիևյան Ռուսիան տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և գեղարվեստական կենտրոնն էր 11-12-րդ դդ. և ուներ իր կարգավիճակին համապատասխան հսկայական տաճար: Նորաստեղծ պետության ինքնաներկայացման մեջ արդեն կայացած կայսրության մոդելի ընդօրինակման ձգտումը լայն տարածում է գտել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում:
Սուրբ Սոֆիայի տաճարը Կիևում
Սուրբ Սոֆիայի տաճարը Կիևում ունի անսովոր, ազդեցիկ տեսք: Կառուցված լինելով միջնադարում՝ այն ուներ հունական խաչի ձև՝ բաժանված հինգ նավերի, որոնք խաչվում էին տրանսեպտներով ու ավարտվում խորանանման աբսիդներով: Կային նաև միահարկ ու երկհարկանի գալերեաների շարքեր, խաչաձև տախտակամածներ ու 13 գմբեթներ (այս ամենի մի մասը հետագա վերակառուցումների ժամանակ ենթարկվել է փոփոխության): Արտաքինից եկեղեցին ունի արտահայտված բրգաձև կառուցվածք, որը առաջանում է գմբեթների աստիճանական, ցած իջնող անցումների միջոցով:
Թեև Սուրբ Սոֆիան անվանակից է Կ.Պոլսի (Ստամբուլ) Այա Սոֆիային, այնուամենայնիվ, այն ոչ թե կրկնօրինակում է բյուզանդական մոդելները, այլ ուրույն ձևով է մեկնաբանում բյուզանդական ճարտարապետության ասելիքը: Խաչաձև հատակագծով եկեղեցիները այդ շրջանում տարածված էին Բյուզանդիայում, բայց ո՛չ Սուրբ Սոֆիայի այդօրինակ եզակի մեկնաբանումը, ո՛չ էլ բրգաձև կտրվածքը չունեն բյուզանդական զուգահեռներ: Դրանք, ավելի շատ, արդյունք են բյուզանդական ճարտարապետության և ուկրաինական տարրերի միախառնման, քան ներմուծված մոդելի: Ուստի դրա ազդեցությունը տեսանելի է ողջ Կիևյան Ռուսիայի տարածքում: Օրինակ, Նովգորոդը ունի Սուրբ Սոֆիայի՝ ավելի պարզեցված տարբերակը:
Հարուստ հարդարանքը
Տաճարի ներքին հարդարանքը ճոխ է, բայց ոչ՝ անհարկի շռայլ։ Այն վերագրվում է միջին դարերին: Պատերը հարդարված են 3000 սմ² մակերես զբաղեցնող որմնանկարներով, թաղերն ու գմբեթները ունեն ոսկեզօծ ետնախորշի վրա խճանկարներով ծածկված 260 սմ² մակերես: Երկու տեսակներն էլ վերականգնել են իրենց երբեմնի փառահեղ տեսքը 19-րդ դարում՝ կորսված հատվածներում յուղաներկով կատարված լրացումներով: Մինչ որմնանկարները պատկերում են տարատեսակ բնույթի տեսարաններ, խճանկարները ներկայացնում են ուղղափառ քրիստոնեական ավանդույթի ամենանշանակալից տեսարանները: Դրանք ներառում են Քրիստոս Ամենակալի, Օրանտայի դիրքով Տիրամոր, Առաքյալների հաղորդության, Դեհիսուսի (Քրիստոսին, Հովհաննես Մկրտչին և Տիրամորը պատկերող մեդալյոններ) և Ավետման տեսարանները: Հիերարխիկ դեկորատիվ համակարգում առաքյալներով շրջապատված Ամենակալի պատկերը զբաղեցնում է ամենաբարձր գմբեթի ներքին մակերեսը:
Որմնանկարները պատկերում են Քրիստոսի կյանքից տեսարաններ՝ համադրված Ռուսիայի արքայական ընտանիքի հետ, ինչպես նաև մոտ 500 սրբերի տեսարաններ: Հարդարանքի հարստությունը ի հայտ է գալիս համարյա յուրաքանչյուր մակերեսի վրա:
Ուկրաինական բարոկկոյի ոճով ավելացումները
18-րդ դարում տաճարը ենթարկվել է բարոկկոյի ոճով լայնածավալ վերափոխումների՝ և՛ ներսից, և՛ դրսից: Արտաքին փոփոխությունները, ներառյալ՝ կառուցվածքային փոփոխություններն ու պատերի սպիտակեցումը, ձևավորեցին նրա ներկայիս բարոկյան տեսքը: Այս տարրերը դարձնում են մայր տաճարը ուկրաինական բարոկկո ոճի ճարտարապետական հուշարձան: Ներտարածքը նույնպես սպիտակեցվել է, 19-րդ դարի սկզբին իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում վերականգնվել է որմնանկարների ու խճանկարների միջնադարյան տեսքը: Փորագրված և ոսկեզօծ խորանապատնեշը (սրբապատկերները ցուցադրելու փայտե կառույց) և զարդարված դռները բարոկկոյի ոճով ներտարածքի երկու նշանակալի մնացուկներն են:
Սուրբ Սոֆիայի մայր տաճարի ոչ շատ հեռու անցյալը
Կիևի Սուրբ Սոֆիայի մայր տաճարը խուսափել է սովետական շրջանի հակակրոնական ավերածություններից և նույնիսկ դարձել ուսումնասիրությունների և պահպանության կենտրոն: Սակայն, 1934-ից սկսած, այն չի գործել որպես եկեղեցի՝ փոխարենը կատարելով թանգարանի դեր: Մայր տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 1990-ից՝ առանձին գործող Կիև-Պեչերսկյան Լավրա վանքի հետ միասին, և համարվում է Ուկրաինայի յոթ հրաշալիքներից մեկը:
Հուսանք, որ այս հիասքանչ տաճարը, տոկունությամբ անցնելով այսքանի միջով, կհաղթահարի այս փորձությունը ևս: