Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՌԴ նկատմամբ ֆիլմարտադրողների սահմանած պատժամիջոցներն անդրադառնալու են նաև Հայաստանի կինոթատրոնների վրա։ Սա այն պատճառով, որ կինոթատրոններն աշխատում են միջնորդավորված՝ ռուսաստանյան ընկերությունների միջոցով։
Մոսկվա կինոթատրոնի՝ մարկետինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, նշեց. «Հայաստանում չունենալով դիստրիբյուտորական կազմակերպություններ՝ մենք համագործակցում ենք ռուսաստանյան ընկերությունների հետ։ Հետևաբար, եթե նրանց համար եղան պատժամիջոցներ, դրանք ուղիղ կազդեն նաև մեր կինովարձույթի վրա»։
Ըստ Խաչատրյանի՝ այս պահին ամենամեծ մտահոգությունը կապված է «Բեթմեն» ֆիլմի հետ, քանի որ առաջին արգելքն այս ֆիլմի վրա է եղել. «Ռուսաստանում վարձույթը չեղարկվել է, բայց մենք, շնորհիվ մեր գործընկերների, կարողացանք ապահովել հայաստանյան ցուցադրությունը։ Գոնե մինչև մարտի 9-ը, վստահաբար, ֆիլմը ցուցադրելու ենք. որևէ խնդիր չկա»։
Անդրադառնալով համագործակցության այլ ուղիներ գտնելու հնարավորությանը՝ Խաչատրյանը նշեց, որ որոշակի քայլերի շուրջ մտածել են, բայց, քանի որ գործընկերների կողմից դեռևս չունեն հստակ պատասխան, չեն ուզում շտապել. «Բնականաբար, մենք, որպես կինոթատրոն, անհանգստացած ենք և փորձում ենք կանխատեսել՝ ինչպիսի ընթացք և հետևանքներ կունենան այս պատժամիջոցները մեր կինոթատրոնի համար։ Ամեն դեպքում, կսպասենք պաշտոնական հաղորդագրությունների»։
Խաչատրյանը հավելեց, որ այսօր կատարվող իրադարձությունների ֆոնին դժվար է կանխատեսումներ անել։
Ոսկեհատ Պողոսյան