Մշակույթ

Ամենահետաքրքիր և ամենագեղեցիկ Ղուրանները

Ղուրանը՝ սկզբում

Մահմեդական սուրբ գիրքը՝ Ղուրանը, ներկայանում է որպես երկխոսություն Աստծո, իսլամի հետևորդների և հակադրվողների միջև։ Յուրաքանչյուր մուսուլման պետք է ունենա իր անձնական Ղուրանը և կարդա այն, քանզի այդտեղ երկայացված են կրոնական ծիսակարգի, երկրպագության կարևոր դրույթներ։ Ղուրանը կազմված է 114 սուրահներից, որոնք, հեշտությամբ ընթերցելու և ամսվա 30 օրերի վրա բաշխելու նպատակով, բաժանված են հավասար երկարությամբ հատվածների՝ «ջուզ»-երի։ Ղուրանում տեղ են գտել նաև բարոյախրատական և իրավական նորմեր։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Գաբրիել հրեշտակը Մուհամմեդ մարգարեին խնդրեց հայտնության խոսքերը տարածել Արաբական թերակղզու ժողովրդի շրջանում։ Կրոնի տարածման սկզբնական շրջանում գրավոր և բանավոր խոսքի արվեստին տիրապետում էին միայն իսլամական գեղագիրները, որոնք պետք է ճշգրտությամբ ընթերցողին փոխանցեին տեքստերի ուղերձները։

 

Քուֆիկ գեղագրությամբ Ղուրանը

Ըստ իսլամի՝ Մուհամմեդ մարգարեն աստվածային հայտնությունը ստացել է իր ողջ կյանքի ընթացքում, և Ղուրանը հատվածաբար Մուհամմեդին է հաղորդվել Գաբրիել (Ջաբրայիլ) հրեշտակապետի միջոցով՝ 610-632թթ.։ Սակայն նրա կենդանության օրոք գրքի շատ քիչ հատվածներ էին գրվել։ Ղուրանի վերջնական՝ հավաքագրված տարբերակը, որն այսօր հայտնի է, գրվել է 632թ.՝ Ութման իբն Աֆանի (644–656թթ.) օրոք, ով եղել է առաջին չորս խալիֆներից երրորդը, որոնք հայտնի են «Ուղղահավատ խալիֆներ» (al-khulafa-yi al-rashidun) անվամբ։ Ամենայն հավանականությամբ՝ այն գրվել է «յազմյան» գրերով, և գրել է Զայդ իբն Թաբիթը: Ժամանակի ընթացքում «յազմը» զարգացել է այնպիսի տարածաշրջանային ոճերի հետ, ինչպիսիք են «հիրին», «անբարին», «մակկին» և «մադանին»։ Գրերից մեկը, որ հնարավոր է միանգամից ճանաչել՝ կոչվում է «քուֆիկ»։ Այն տարբերվում է իր թեք գրելաոճով և մշակվել է 7-րդ դարում։ Քուֆիկով արված արձանագրությունների կարող ենք հանդիպել Երուսաղեմի ժայռագմբեթին։ Այս ոճով գրված ղուրանների մեծ մասը գրվում էր հորիզոնական մագաղաթի վրա։ Գրության կատարյալ տեսքը հաճախ ստացվում էր՝ երկու տողի վրա բառերը բաժանելով կամ բառերից ձայնավորները հանելով: Հետագայում ձայնավորները շեշտվում էին դեկորատիվ նշաններով, իսկ հատվածների և սուրահների սկիզբը՝ բարդ զարդանախշերով։

 

Սուլթան Բեյբարսի Ղուրանը

Այս Ղուրանը պատվիրել է գրել մամլուքների կառավարիչ Ռուքն ալ-Դին Բեյբարս ալ-Ջաշնագիրը՝ Կահիրեում, 1304-1306թթ։ Այն մամլուքյան ժամանակաշրջանի ամենավաղ թվագրված Ղուրանն է, որը գեղագրության վարպետության հիանալի օրինակ է՝ գրված ոսկեզօծ տառերով։ Դա մեծ շքեղություն էր, քանի որ, սովորաբար, ոսկին օգտագործում էին՝ բացառապես զարդերի և վերնագրերի համար։ Լուսանցքները պատրաստել է Սանդալ վարպետը, իսկ արձանագրությունները կազմել Մուհամմեդ իբն ալ-Վահիդը։ Այն հնարավոր է տեսնել Բրիտանական գրադարանում։ 

 

Կապույտ Ղուրան

Կապույտ մագաղաթը դասվում է պատմության ամենախորհրդավոր ղուրանների շարքին: Տարիներ շարունակ գիտնականները փորձում էին կռահել, թե որտեղ է այն պատրաստվել և ում պատվերով։ Այժմ ընդունված է համարել, որ այն եկել է Հյուսիսային Աֆրիկայից, հավանաբար՝ թունիսյան Քայրավանից, որտեղ խոշոր մզկիթ է եղել: Օգտագործված կապույտը խորհրդանշում է առավելությունը՝ Բյուզանդական կայսրությունում գրված քրիստոնեական ձեռագրերի նկատմամբ։ Քրիստոնեական ձեռագրերը հիմնականում օգտագործում էին ծիրանին, որպես կայսերական խորհրդանիշ, իսկ ոսկեզօծ գիրը խոսում էր գրքի հովանավորի դիրքի և կարգավիճակի մասին:

 

Թոփկապի Ղուրան

Թոփկապի Ղուրանը ևս դասվում է պատմական ամենահայտնի Ղուրանների շարքին։ Այն սկիզբ է առել խալիֆ Օսմանի կառավարման շրջանից (644-656թթ.)։ Այնուամենայնիվ, գիտնականները դեռևս վիճում են ճշգրիտ ամսաթվի շուրջ, քանի որ գեղագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ տառերի ձևը չի համապատասխանում վաղ ձեռագրերի ոճին։ Կարմիր թանաքով ձայնավոր նշանները տառերի վերևում, կողքին կամ ներքևում տեղադրելու մեթոդը հուշում է, որ Ղուրանը ստեղծվել է խալիֆ Օսմանի մահից հետո: Ղուրանը 19-րդ դարում Եգիպտոսի կառավարիչ Մեհմեդ Ալի փաշան որպես նվեր ուղարկել է սուլթան Մահմուդ 2-րդին: