Մշակույթ

Ի՞նչ սպասել Օսկար-2022-ից

Մարտի 28-ին կկայանա «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը։ Lավագույն ֆիլմ անվանակարգում կպայքարեն «Բելֆաստ» (Belfast), «Կոդա» (CODA), «Մի նայեք վերև» (Don't Look Up), «Վարիր իմ մեքենան» (Drive My Car), «Դյունա» (Dune), «Ռիչարդ արքա» (King Richard), «Մատուտակի պիցցա» (Licorice Pizza), «Սարսափների ծառուղի» (NIGHTMARE ALLEY), «Շան իշխանություն» (The Power of the Dog) և «Վեսթսայդյան պատմություն» (West Side Story) ֆիլմերը։

Հիմնական հավակնորդների թվում է Դենիս Վիլնյովի «Dune» ֆիլմը։ 165 միլիոն դոլարանոց դիտարժան ֆիլմը Warner Bros-ի և HBO Max-ի համատեղ աշխատանքն է, որը ողջ աշխարհում ցուցադրությունների ընթացքում արդեն հավաքել է 398 միլիոն դոլար։ «Դյունը» հավանության է արժանացել կինոակադեմիայի քվեարկողների կողմից և առաջադրված է 10 անվանակարգում։

Նման գնահատական են ստացել նաև Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» դափնեկիր, ռեժիսոր Ջեյն Քեմփոնի՝ Netflix-ի արտադրության «Շան իշխանությունը» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Բենեդիկտ Քամբերբեչը, ով ֆիլմում Մոնտանայի ռանչոյում բարդ հարաբերությունների մեջ է իր եղբոր՝ Ջեսի Պլեմոնսի և նրա նոր կնոջ՝ Քիրստեն Դանստի հետ։ Ֆիլմն առաջադրված է 12 անվանակարգերում։ Լավագույն ֆիլմերի ընտրության և տարածման գործում մեծ դեր ունեն կինոփառատոնները, լրատվամիջոցները և կինոքննադատների վերլուծությունները։ Այս տարի քվեարկողներին հնարավորություն է տրվել ընտրել 10 լավագույն ֆիլմերը, հետևաբար մասշտաբներով զիջող ֆիլմերը կարողացան ընդգրկվել տասնյակում։

Օրինակ, «Օսկար» է մուտք գործել Կաննի կինոփառատոնում լավագույն սցենարական աշխատանք ճանաչված ճապոնական «Drive My Car» ֆիլմը, որը պայքարելու է 4 անվանակարգերում։ Այդ շարքում են նաև «Սարդ-մարդ. տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը, որը Marvel-ի սուպերհերոսների մասին պատմող 27-րդ ժապավենն է։ Հավակնորդների թվում է նաև Կաննի և Բեռլինի կինոփառատոների հաղթող Փոլ Թոմաս Անդերսոնի 70-ականների մասին պատմող «Licorice Pizza» կատակերգությունը, որը Ալանա Հայմի և Կուպեր Հոֆմանի դեբյուտային աշխատանքն է: Կինոակադեմիան չի մոռացել նաև Մարվելի կոմիքսների մասին։ Իսկ Անդերսոնը կպայքարի նաև լավագույն ռեժիսորի անվանակարգի համար, ում կմիանան Ք. Բրանան, Ռ. Համգուտին, Ս.Սփիլբերգը։ Ի դեպ, Սփիլբերգի «Վեսթսայդյան պատմություն»-ը (West Side Story)՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ի հիմքով ստեղծված ֆիլմը, անակընկալներ է խոստանում մյուզիքլի սիրահարների համար։ Ֆիլմն իր սցենարով նման է 1957թ․ բրոդվեյան սցենարին։

 

Իրական դիպաշարի վրա հիմնված «Ռիչարդ արքա» ֆիլմը ևս մեծ անակընկալներ է խոստանում։ Թենիսիստ քույրեր Վենուս և Սերենա Ուիլյամսների հոր մասին պատմող Մարկուս Գրինի ֆիլմը Ամերիկյան կինոարվեստների ինստիտուտի կողմից ընդգրկվել է տարվա 10 լավագույն ֆիլմերի ցանկում և հաղթանակ տարել։ Գլխավոր դերը մարմնավորում է Ոսկե Գլոբուսի դափնեկիր Ուիլ Սմիթը։ Կինոքննադատների դրական արձագանքին է արժանացել նաև իռլանդացի ռեժիսոր Ք. Բրանայի, ինչպես ինքն է նշում, ամենաանձնական ֆիլմը՝ «Բելֆաստ» դրաման։ Բրանայի անձնական սցենարի վրա հիմնված ժապավենը 1960-ականների Հյուսիսային Իռլանդիայի անկարգությունների լավագույն ներկայացումն է, որտեղ դերեր են մարմնավորել Ջուդի Դենչը, Սիարան Հինդսը, Ջեյմի Դորնանը։