Մշակույթ

Սնանկացած բանկն ու արվեստի գործերի հավաքածուն

Իտալական «Banca Popolare di Vicenza» բանկի շուրջ ստեղծված պատմությունը մշակույթի, ֆինանսական հարցերի և արդարադատության մի խճճված դիպված է հիշեցնում։

Իտալական դատարանը վճռել է, որ սնանկացած բանկին պատկանող արվեստի խոշոր հավաքածուն պետք է վաճառվի, որպեսզի գումար հավաքվի՝ հաճախորդների խնայողությունները փոխհատուցելու համար։ Դատարանի որոշմամբ նաև՝ իտալացի գեղանկարիչ Կարավաջոյի և այլ խոշոր նկարիչների գլուխգործոցները, որոնք հավաքածուի մաս են կազմում, չեն կարող լքել թանգարանը։ Ինչպես փորձագետներն են նշում, օրինակ, Կարավաջոյի գլուխգործոցն արժե միլիոնավոր դոլարներ և չի կարող տեղափոխվել՝ ազգային ժառանգության վերաբերյալ օրենքների շրջանակում։ Կարավաջոյի «Incoronazione di spine» («Թագադրում փշե պսակով») ստեղծագործությունը մեկն է ավելի քան 100 արվեստի գործերից, որոնք նախկինում պատկանում էին լուծարված «Banca Popolare di Vicenza»-ին։ 

Ըստ «Times» ամսագրի՝ բանկը 2017թ.-ին սնանկ է ճանաչվել այն բանից հետո, երբ բանկի նախագահը դատապարտվել է շուկայական խարդախությունների համար։ Պրատոյում՝ բանկի նախկին գրասենյակում, պահվում է, ընդհանուր առմամբ, 124 կտավ, իսկ մյուսները ցուցադրվում են Վիսենզայի թանգարանում։ Հավաքածուն ներառում է այնպիսի հանրահայտ արվեստի գործեր, ինչպիսիք են Բելլինիի, Տիեպոլոյի, Տինտորետտոյի, Կարավաջոյի գործերը։ 1604 թ.-ին վերագրվող «Թագադրում փշե պսակով» ստեղծագործությունը պաշտոնապես ճանաչվել է 2017թ.-ին, թեև դեռևս 2006թ.-ին «Times» ամսագիրը հաղորդել էր, որ նկարը, որն այն ժամանակ ցուցադրվում էր Ջենովայի Սան Բարտոլոմեո դելլա Սերտոսայի եկեղեցում, վերականգնվել է մասնագետների կողմից, որոնք կարծում էին, որ այն անավարտ աշխատանք է, այլ ոչ՝ կրկնօրինակ։

Բանկի ակտիվները հետագայում փոխանցվեցին Իտալիայի խոշորագույն բանկերից մեկին՝ Ինտեզա Սանպաոլոյին, երկրի ֆինանսական համակարգում ճգնաժամին վերջ դնելու համար: «Սա շատ ծանր հետևանքներ կունենա երկրի մշակութային և ֆինանսական կյանքում՝ խորը հետևանք թողնելով նաև արվեստի գործերի գների վրա», - ասում է իրավաբան և լրագրող, Giornale dell'Arte հանդեսի խմբագիր Գլորիա Գատին: Սակայն գործն այժմ բողոքարկման փուլում է ևվիճարկվում է դատարանի որոշումը։ Գատին կարծում է, որ կորպորատիվ հավաքածուի հետագա ճակատագիրը հնարավոր է տնօրինել միայն՝ դրանք հանձնելով Pandolfini Auction House աճուրդի տանը։