Մշակույթ

Այսօր ամենայն հայոց բանաստեղծի 153-ամյակն է

Այսօր մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է՝ 153-ամյակը:

Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում: Սովորել տեղի ծխական դպրոցում, այնուհետև՝ Ջալալօղլու նորաբաց երկսեռ դպրոցում: Իր առաջին ստեղծագրծությունը գրել է 12 տարեկանում՝ Ջալալօղլու դպրոցում ուսանելու տարիներին:

Թումանյանը 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն ուսումը կիսատ է թողել նյութական ծանր դրության պատճով: Նա աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, աշխատակցել Թիֆլիսում լույս տեղնող «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին նաև Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ:

Թումանյանը ստեղծագործել է տարբեր ժանրերով՝  բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ:  Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության նախագահ։

Թումանյանը ծավալել է նաև ակտիվ հասարակական գործունեություն: 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ Մեծ օգնություն է ցուցաբերել Արևմտյան Հայաստանից տեղահանվածներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին հաստատվել Էջմիածնում:

Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում՝ 54 տարեկան հասակում:

Հայաստանում Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին,  նշվում է Գիրք նվիրելու օրը։ Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպում են ժամանակակից հեղինակներին, և նոր գրքերով հարստացնում գրադարանը:

 

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

***

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

***

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

***

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

***

Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…