Մշակույթ

Ի՞նչ սպասել գրքի տոնին

Մոտենում է գրքասերների ամենասիրելի տոներից մեկը՝ Գրքի տոնը, իսկ ընթերցասերները սպասում են տարվա ամենամեծ զեղչերին և գրական միջոցառումներին։ Ահա, օրինակ, «Զանգակ» հրատարակչությունը ընթերցասերներին մեծ տոն է խոստանում. «Ընծայագիրք», «Գրքային իրարանցում» միջոցառումները հնարավորություն կտան մինչև փետրվարի 20-ը վայելել գրքառատ օրեր, սպասվում են զեղչեր։ «Էդիտ Պրինտ» հրատարակչությունում ևս գործելու են մինչև 10% զեղչեր, իսկ «Անտարես» հրատարակչությունն ու «Դարան» գրախանութը նշանավոր մարդկանց խորհրդատվությամբ ընտրված գրքերը կվաճառվեն 40% զեղչով։ Նմանատիպ զեղչեր են գործում նաև Newmag-ի հրատարակած գրքերի համար։ Newmag-ը նաև հրավիրում է գրքի առաջին ձմեռային փառատոնին, որի շրջանակում տեղի կունենան շնորհանդեսներ, քննարկումներ: 

«Գրատուն» հրատարակչության հիմնադիր Հայկ Կոստանյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ևս անակնկալներ ունեն։ Գրքասերներին սպասվում է 20% զեղչ, 2 գիրք պատվիրելու դեպքում էլ՝ 1 գիրք նվեր։ Գրքի տոնին նախատեսվում են գրական քննարկումներ, շնորհանդեսներ։ Նախորդ տարին բավական ակտիվ էր, հրատարակչությունը հրատարակել է 8 գիրք, թարգմանել թե՛ ինքնակենսագրական շարքի գրականություն, թե՛ համագործակցել հայ ժամանակակից գրողների հետ։ 

Այս տարի Գիրք նվիրելու տոնը նվիրված է Եղիշե Չարենցի 125-ամյակին։ Հովհաննես Թումանյանի և Չարենցի տուն-թանգարանների համագործակցությամբ կկայանա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն։ Իսկ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանն էլ հետաքրքիր տոն է պատրաստելու փոքրիկների համար։ Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառին կհաջորդեն գրադարանի 2021թ․ լավագույն ընթերցողների պարգևատրման և «Պատվո ցուցակ-2020» մրցույթի դիպլոմների հանձնման արարողությունները։