Ինչպես հայտնում է «New York Times»-ը, «Spotify»-ը փոդքասթների համար Ջո Ռոգանին վճարել է առնվազն 200 միլիոն դոլար՝ 3,5 տարվա համար։ «The Joe Rogan Experience» փոդքասթն ունի հազարից ավելի թողարկումներ, որոնք անդրադառնում են քաղաքական, փիլիսոփայական, պատմական մի շարք հարցերի։ 2020թ․ Ռոգանը վաճառել է փոդքասթը «Spotify»-ին: «The Wall Journal»-ը գործարքը գնահատել էր 100 մլն դոլար։ Տեղեկատվությունը հայտնվեց աուդիոընկերության համար անկայուն ամիսներից հետո, երբ երաժիշտները, փոդքասթերները, բժշկական համայնքը քննարկում էին ընկերության աշխատանքը՝ կապված վիճահարույց փոդքասթերների հետ: Հունվարին բժշկության ոլորտի մի խումբ անդամներ նամակներ էին հղել ընկերությանը՝ խնդրելով հեռացնել Ռոգանի փոդքասթներից մի դրվագ, որը COVID-19–ի վերաբերյալ ապատեղեկատվություն էր տարածել։ Երաժիշտ Նիլ Յանգը, խոսելով այդ մասին, նշել է. «Ես դա անում եմ, քանի որ «Spotify»-ը պատվաստանյութերի մասին կեղծ տեղեկություններ է տարածում, ինչը կարող է մահվան պատճառ դառնալ նրանց համար, ովքեր հավատում են դրան»:
Ապրիլի վերջին Ռոգանը, փոդքասթում դիմելով երիտասարդներին, ասել էր, որ եթե նրանք երիտասարդ են և զբաղվում են սպորտով, ապա կարիք չկա պատվաստվելու։ Թեմային անդրադարձել են նաև քաղաքական գործիչները. Սպիտակ տան խոսնակ Քեյթ Բեդինգֆիլդը դատապարտել և հռետորական հարց էր ուղղել Ռոգանին, թե՝ ե՞րբ է վերջինս պրոֆեսիոնալ բժիշկ դարձել:
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին ևս դատապարտել էր Ռոգանին։ Քննադատող մեկնաբանություններից հետո տնօրեն Դանիել Էկը խուսափեց Ռոգանին դատապարտելուց։ Ըստ «Vogue»-ի՝ որոշվել է հաղորդավարի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառել, չնայած, այնուամենայնիվ, հարթակից hեռացվել է առնվազն 40 դրվագ։ Ավելի ուշ Ռոգանը ներողություն խնդրեց, սակայն «Spotify»-ն այդպես էլ հրապարակային մեկնաբանություն չտվեց: Այնուամենայնիվ, տեղեկություններ էին արտահոսել, որ ընկերությունն իսկապես խոսել է Ռոգանի և նրա թիմի հետ, և Ռոգանը որոշել է հեռացնել դրվագները: