2017թ․ “Amazon Prime Video”-ն, խոսելով իր «Գահերի խաղի» նախագծից, հայտարարեց «Մատանիների տիրակալը» ֆիլմի հիման վրա սերիալի ստեղծման մասին։ Սերիալի պրեմիերան տեղի կունենա 2022թ․ սեպտեմբերին: Զարմանալի է, թե ինչպես է ժամանակը փոխում կինոարտադրության միտումները: 25 տարի առաջ Պիտեր Ջեքսոնը խնդրում էր կինոստուդիաներին՝ թողարկել նման ձևաչափով աշխարհում միակ ֆիլմը։ Իսկ այժմ «Մատանիների տիրակալի» իրավունքներն աշխարհում ամենաթանկերից են, որոնց գնման համար պայքարում են առաջատար մի շարք ընկերություններ։
Հեղինակային իրավունքները, տարբեր գնահատականներով, գնվել են 200-250 մլն դոլարով։ Ըստ արևմտյան մի շարք լրատվամիջոցների՝ բանակցություններին մասնակցել է անձամբ “Amazon”-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Այս գումարով “Amazon Prime”-ը գնել է միայն նախագծի մշակումն սկսելու հնարավորությունը, որի բյուջեն ամեն եթերաշրջանի համար կազմելու է 100-150 մլն դոլար։
Առաջին եթերաշրջանի նկարահանման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2019թ․։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նկարահանվելու է 20 դրվագ։ 2018թ․ հայտարարվեց, որ նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում։ Որպես հիմնական վայր ընտրվել է Օքլենդ քաղաքը, քանի որ Վելինգտոնն այդ ժամանակ անհասանելի էր՝ քաղաքի ստուդիաներն զբաղված էին «Ավատար»-ի նկարահանումներով։ Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել էին 2020թ․ փետրվարին և COVID-19 համաճարակի պատճառով հայտնվել դադարելու վտանգի տակ։
“Vanity Fair”-ի բացառիկ ֆոտոշարքից հայտնի է դարձել, որ գլխավոր դերերից մեկը կմարմնավորի իսպանական ծագմամբ բրիտանացի դերասան Ռոբերտ Արամայոն, որը հայտնի է երիտասարդ Նեդ Սթարքի դերով՝ «Գահերի խաղի» վեցերորդ և յոթերորդ եթերաշրջաններից։ Գալադրիելի դերը կմարմնավորի վալիացի դերասանուհի Մորվեդ Կլարկը։