Չեն մասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
Քաղաքական
11 Փետրվարի 2022, 13:07
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարությամբ են հադնես եկել՝ տեղեկացնելով, որ չեն մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
«Հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է։ Նշվածն, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Դրա անհնարինության ապացույցն է նաև իշխանության և նրա ուղղակի ցուցումները կատարող ու գործադիր իշխանության մաս կազմող իրավապահ մարմինների` մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը։
Չնայած այս պարզ ճշմարտությանը` իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով»։
Ըստ ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ստեղծված հանձնաժողովը զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից. «Քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։
Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»:
Հետևեք մեզ Telegram-ում