Միջազգային

Բորիս Ջոնսոնը Մոսկվային սպառնում է պատժամիջոցներով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայի հետ սահմաններից։ Նա դարձել է արևմտյան վերջին բարձրաստիճան հյուրը, որն անձամբ այցելել է Կիև ուկրաինական ճգնաժամի սրման ֆոնին։ Բրիտանական կաբինետի ղեկավարը զգուշացրել է, որ ռուսական կոնտինգենտի ներխուժման ցանկացած փորձ ազդանշան կլինի պատասխան միջոցների ձեռնարկման համար։ Լոնդոնը խոստանում է մինչև փետրվարի 10-ը պատրաստել պատժամիջոցների մասին օրինագիծ՝ ուղղված Կրեմլի մերձավոր մարդկանց շրջանակին։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կլինի քաղաքական, հումանիտար աղետ», - ասել է Ջոնսոնը: «Իմ կարծիքով դա կլինի նաև ռազմական աղետ Ռուսաստանի և աշխարհի համար»: 

Ռուսաստանը մշտապես հերքել է ռազմատենչ ծրագրերը, իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պատերազմի մասին խոսակցություններն անվանել է սադրանք: Մոսկվան ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրել է Ռուսաստանի համար անվտանգության կարևոր խնդիրներն անտեսելու և տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու՝ ուկրաինական խաղաքարտը խաղարկելու մեջ:  «Ինձ թվում է, որ նույն ԱՄՆ-ն այնքան էլ մտահոգված չէ Ուկրաինայի անվտանգությամբ, թեև նրանք գուցե մտածում են դրա մասին, բայց ինչ-որ տեղ երկրորդ պլանում: Բայց նրանց հիմնական խնդիրն է զսպել Ռուսաստանի զարգացումը: Այս առումով Ուկրաինան պարզապես գործիք է»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի վաղ Ռուսաստանը Արևմուտքից խնդրել էր ՆԱՏՕ-ն դեպի Արևելք չընդլայնելու երաշխիքներ, սակայն, ինչպես և սպասվում էր, դրանք չստացավ։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն հակաառաջարկներ է ձևակերպել։ Դա դիտարկել են Մոսկվայում։ Որոշ կետերի շուրջ հնարավոր են բանակցություններ, թեև դրանք երկրորդական կմնան Կրեմլի հիմնական խնդրից, հաղորդում է Euronews-ը։