Ֆինանսներ

Բանկերի վճարած հարկերն ավելացել են 9%-ով

ՀՀ բանկերը 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 52.29 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 47.95 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 9%): 2021թ. չորրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 8.88 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 53.3%-ով, իսկ հարկատուների ընդհանուր ցուցակում այն 23-րդից դարձել է 17-րդը: 

Ակբա բանկը 5.63 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2020թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 5.51 մլրդ դրամ): Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 2.2%-ով, իսկ բանկը հարկատուների ընդհանուր ցուցակում 25-րդից դարձել է 27-րդը: Նրան հաջորդում են Ինեկոբանկը՝ 5.27 մլրդ դրամ (33-րդ տեղ, աճ՝ 52.1%), Հայբիզնեսբանկը՝ 4.54 մլրդ դրամ հարկերի ծավալով (40-րդ տեղ, անկում՝ 4.8%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայէկոնոմբանկը՝ 2021թ. չորրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 3,82 մլրդ դրամ հարկ (60-րդ տեղ, աճ՝ 34.6%)։