ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
««Ղարաբաղյան պոեմ»․ մերժեցինք կարգավորման մադրիդյան սկզբունքները, ստացանք աղետալի պատերազմ, ունեցանք ահռելի կորուստներ։ Այսօր խոսում ենք կարգավորման բանակցությունների վերսկսման առաջնահերթությունից՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի այլընտրանքայնությունը։ Բայց պատաստվում ենք օրենք ընդունել, որով Քարվաճառը (ԵԱՀԿ միջնորդական բոլոր փաստաթղթերում, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում միանշանակորեն «Քելբաջար» անվանված շրջանը) համարվում է օկուպացված, ինչպես նաև՝ Քաշաթաղը (Լաչինը)։ Երբ այդ տարածքները հայկական վերահսկղության տակ էին գրեթե երեք տասնամյակ՝ մեզ այդպես էլ չհաջողվեց փաստացի իրավիճակը միջազգայնորեն լեգիտիմացնել։ Աշխարհը, միջնորդ երկրները Լեռնային Ղարաբաղ ասելով նկատի են ունեցել նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, որ Լաչինի միջանցքով աշխարհագրական կապ պիտի ունենա Հայաստանի հետ։ Այսօր ո՞վ է մեզ հասկանալու, աջակցելու, սատար կանգնելու, որպեսզի Քարվաճառը եւ Քաշաթաղը ճանաչվեն Արցախի Հանրապետության անբաժանելի մաս։ Ողբերգությունը հաղթահարելու համար պետք չէ այն վերածել ֆարսի․ դա կարող է վերջի սկիզբ լինել, որովհետև իրական քաղաքականությունը չափազանց լուրջ գործ է»։