Հասարակություն

«Աշխարհագրական նշում»․ Հայաստանը նույպես կգրանցի «մածուն» անվանումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հայկական մածունի արտահանման խնդիրներով։ 

«Այժմ ներկայացվել է աշխարհագրական նշումների մասին օրենքում փոփոխություններ, որտեղ աշխարհագրական նշման սահմանումն է փոփոխվել, որն էլ հնարավորություն կտա արտադրողներին գրանցելու «մածուն» անվանումը որպես «աշխարհագրական նշում»: Այնուհետև մենք հուսով ենք, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում կարող ենք փոխադարձ ճանաչել իրենց «մացոնի» անվանումը մեր տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում, և մեր «մածուն» անվանումը՝ Վրաստանի Հանրապետությունում: Վրացական կողմը մեզ համաձայնագիր է ներկայացրել, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության մասին համաձայնագիր», - այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը «Ազատության» հետ զրույցում։ 

Վերջին շրջանում Հայաստանից կաթնամթերք արտահանողները «մածուն» անվանումով մակնշված ապրանքները Վրաստանով անցկացնելիս խնդիրների են բախվել։ Վրաց մաքսավորները կասեցրել են բեռը, պատճառաբանելով, որ «մածուն» անվանումով ապրանքները շփոթելու աստիճան նման է իրենց երկրում գրանցված «մացոնի» աշխարհագրական նշմանը։

Հիշեցնենք, որ մացոնին Վրաստանում գրանցվել է դեռ 2012թ․ -ից: