Հայաստան

«Անձնագիր ստանալու գործընթացը թվայնացվելու է». Նելլի Դավթյան

Անձնագիր ստանալու գործընթացը ծառայությունների մատուցման ոլորտում կտարբերվի իր որակով. այս մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

«Բոլորովին նոր կոնցեպտ ենք դնելու հանրային ծառայության ոլորտում․ նկատի ունեմ որակը։ Լավ փորձառություն է բերվում Հայաստան։ 23 գրասենյակներ կունենանք մասնավորի կողմից, 2-3-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում։ Այս գրասենյակներում են ընդունվելու քաղաքացիների դիմումները անձը հաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ՝ կլինի անձնագիր, թե նույնականացման քարտ։ Այլ տեսակի անձը հաստատող փաստաթղթերը ևս նույն ձևաչափով է կատարվելու՝ փախստական, քաղաքացիություն չունեցող անձ, օտարերկրացի, որն ունի կացության կարգավիճակ»,- նշել է նա։ 

Անդրադառնալով մտահոգություններին, որ գրասենյակների թիվը քիչ է, Դավթյանն ասել է, որ ծառայությունները մատուցվելու են թվայնացված եղանակով։ 

«Ըստ էության, գրասենյակ մոտենալու անհրաժեշտություն կլինի մի քանի տարին մեկ անգամ։ Եթե նկատի ունենանք, որ իրավակարգավորում կար, որը ժողովուրդն անվանում էր «ելքի կնիք», ու ամեն տարի քաղաքացիների մեծ մասը թարմացնում էր, հիմա արդեն նոր տեխնոլոգիաների ներդրման պայմաններում և աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով՝ սա բավարարելու է»,- հայտարարել է Դավթյանը։