ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման նախաձեռնությամբ՝ կոչելով այն «Խաղաղության խաչմերուկ»։ Radar Armenia-ն մանրամասնորեն ներկայացնում է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկի» ֆիզիկաաշխարհագրական պարամետրերը։
Հայաստանն առաջարկում է իր հարևաններին.
- Բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհ, երկաթուղի, գազամուղ, էլեկտրաէներգիայի և կապի այլ հաղորդալարեր, ենթարկվում են այն երկրների ինքնիշխանությանը, որոնց տարածքով դրանք անցնում են։
- Յուրաքանչյուր երկիր ապահովում է իր տարածքով անցնող ենթակառուցվածքների հսկողությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ մեքենաների, բեռների և մարդկանց անցումը։
- Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել միջազգային և ներքին տրանսպորտային հաղորդակցության համար։
- Երկրները կարող են այս ենթակառուցվածքները օգտագործել փոխադարձության և հավասարության սկզբունքներով։ Այդ սկզբունքների համատեքստում նաև՝ սահմանային և մաքսային վերահսկողությունը կարող է դյուրացվել՝ փոխադարձ համաձայնության և պայմանավորվածության հիման վրա։
Ստեղծվելու է 7 սահմանային անցակետ ավտոճանապարհների համար. 5-ը Ադրբեջանի հետ, 2-ը՝ Թուրքիայի։
- Կայան
- Սոթք
- Քարահունջի մոտ
- Երասխ
- Անգեղակոթի մոտ
- Ախուրիկ
- Մարգարա
Ստեղծվելու է 5 սահմանային անցակետ երկաթուղային ենթակառուցվածքների համար. 4-ը՝ Ադրբեջանի, 1-ը Թուրքիայի հետ։
- Նռնաձոր
- Ագարակ
- Երասխ
- Կայան
- Ախուրիկ
Վերականգնվելու է Կայան-Հրազդան երկաթուղային 80 կմ-անոց հատվածը (քարտեզի վրա՝ մանուշակագույն), որը պետք է միանա արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղային ցանցին՝ Հրազդանից Երևան, ապա Ախուրիկ ու Երասխ։ Այս դեպքում նույնպես որոշակի վերականգնողական աշխատանքների անհրաժեշտություն կա. համապատասխանաբար Երասխից Նախիջևան 1 կմ, Գյումրիից Թուրքիա՝ 6 կմ։ Վերջինս, ի դեպ, թույլ կտա ունենալ Կարսից Թբիլիսի այլընտրանքային երկաթուղային գիծ։
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/111523ee4364830a7a444d98d01fdacb24a640.jpg)
Երկաթուղային հաջորդ երթուղին կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ հարավում Նռնաձորից մինչ Ագարակ - 43 կմ։ Այդ հատվածում նույնպես երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման անհրաժեշտություն կա։
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/111523fe84f653c2c5493e9fcbf9eac4458e7e.jpg)
Առաջարկվող ավտոճանապարհներից առաջինը՝ Կայանից Երևան, Երևանից Մարգարա, ինչպես նաև Կայանից Ախուրիկ։ Հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանից ավտոճանապարհով հասնել Թուրքիա՝ Մարգարայի ու Ախուրիկի անցակետերով։ Այդ ճանապարհը նաև միանում է Հայաստանով Վրաստանն ու Իրանը կապող Հյուսիս-Հարավին։
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/1115237aedb0cdda3b40b08804f298d1c34456.jpg)
Ավտոճանապարհ է նախատեսվում նաև Սոթքի հատվածից, որի անցակետով անցնելով՝ հնարավոր կլինի միանալ Հյուսիս-Հարավին և շարժվելով դեպի Երասխ՝ մտնել Նախիջևան։
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/1115233f67105dc2254f87af7293c68c9c563f.jpg)
Երրորդ ավտոճանապարհը, որ կարող է Ադրբեջանը կապել Թուրքիայի հետ, կարող է մեկնարկել Քարահունջի մոտից ու հասնել Անգեղակոթ, այդտեղից էլ Նախիջևան։
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/11152359f2cb9fe3a3468f92177d207afb9847.jpg)