Հայաստան

Ի՞նչ է առաջարկում Հայաստանը Ադրբեջանին ու Թուրքիային (ՔԱՐՏԵԶ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման նախաձեռնությամբ՝ կոչելով այն «Խաղաղության խաչմերուկ»։ Radar Armenia-ն մանրամասնորեն ներկայացնում է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկի» ֆիզիկաաշխարհագրական պարամետրերը։ 

Հայաստանն առաջարկում է իր հարևաններին.

  • Բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհ, երկաթուղի, գազամուղ, էլեկտրաէներգիայի և կապի այլ հաղորդալարեր, ենթարկվում են այն երկրների ինքնիշխանությանը, որոնց տարածքով դրանք անցնում են։
  • Յուրաքանչյուր երկիր ապահովում է իր տարածքով անցնող ենթակառուցվածքների հսկողությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ մեքենաների, բեռների և մարդկանց անցումը։
  • Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել միջազգային և ներքին տրանսպորտային հաղորդակցության համար։
  • Երկրները կարող են այս ենթակառուցվածքները օգտագործել փոխադարձության և հավասարության սկզբունքներով։ Այդ սկզբունքների համատեքստում նաև՝ սահմանային և մաքսային վերահսկողությունը կարող է դյուրացվել՝ փոխադարձ համաձայնության և պայմանավորվածության հիման վրա։

Ստեղծվելու է 7 սահմանային անցակետ ավտոճանապարհների համար. 5-ը Ադրբեջանի հետ, 2-ը՝ Թուրքիայի։

  • Կայան
  • Սոթք
  • Քարահունջի մոտ
  • Երասխ
  • Անգեղակոթի մոտ
  • Ախուրիկ
  • Մարգարա

Ստեղծվելու է 5 սահմանային անցակետ երկաթուղային ենթակառուցվածքների համար. 4-ը՝ Ադրբեջանի, 1-ը Թուրքիայի հետ։

  • Նռնաձոր
  • Ագարակ
  • Երասխ 
  • Կայան
  • Ախուրիկ

Վերականգնվելու է Կայան-Հրազդան երկաթուղային 80 կմ-անոց հատվածը (քարտեզի վրա՝ մանուշակագույն), որը պետք է միանա արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղային ցանցին՝ Հրազդանից Երևան, ապա Ախուրիկ ու Երասխ։ Այս դեպքում նույնպես որոշակի վերականգնողական աշխատանքների անհրաժեշտություն կա. համապատասխանաբար Երասխից Նախիջևան 1 կմ, Գյումրիից Թուրքիա՝ 6 կմ։ Վերջինս, ի դեպ, թույլ կտա ունենալ Կարսից Թբիլիսի այլընտրանքային երկաթուղային գիծ։

Երկաթուղային հաջորդ երթուղին կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ հարավում Նռնաձորից մինչ Ագարակ - 43 կմ։ Այդ հատվածում նույնպես երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման անհրաժեշտություն կա։

Առաջարկվող ավտոճանապարհներից առաջինը՝ Կայանից Երևան, Երևանից Մարգարա, ինչպես նաև Կայանից Ախուրիկ։ Հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանից ավտոճանապարհով հասնել Թուրքիա՝ Մարգարայի ու Ախուրիկի անցակետերով։ Այդ ճանապարհը նաև միանում է Հայաստանով Վրաստանն ու Իրանը կապող Հյուսիս-Հարավին։ 

Ավտոճանապարհ է նախատեսվում նաև Սոթքի հատվածից, որի անցակետով անցնելով՝ հնարավոր կլինի միանալ Հյուսիս-Հարավին և շարժվելով դեպի Երասխ՝ մտնել Նախիջևան։

Երրորդ ավտոճանապարհը, որ կարող է Ադրբեջանը կապել Թուրքիայի հետ, կարող է մեկնարկել Քարահունջի մոտից ու հասնել Անգեղակոթ, այդտեղից էլ Նախիջևան։