Հայաստան

Տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել ի հաշիվ Արցախի ժողովրդի բնաջնջման․ հայաստանաբնակ եպիսկոպոսներ

Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ․

Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին: Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝ մանուկների, հղիների և հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարացման և մահվան ցավալի դեպքերի մասին: Ամբողջական շրջափակմանը զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել նաև ահաբեկչական այնպիսի գործողություններ, որոնք էթնիկական զտումների նպատակով Արցախի ժողովրդի շրջանում միտված են մշտական վախի, հուսահատության, անապահովության զգացումներ և Հայրենիքը լքելու տրամադրություններ առաջացնելուն: Հակամարդկային նմանօրինակ գործելաոճի հերթական դրսևորումը տեղի ունեցավ բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանի իշխանությունները Բերձորի միջանցքից առևանգեցին Կարմիր Խաչի անմիջական հովանավորության ներքո Արցախից Հայաստան փոխադրվող, առողջական ծանր խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանին՝ կոպտորեն ոտնահարելով Կարմիր խաչի անձեռնմխելիությունը, հեղինակությունն ու մարդասիրական առաքելությունը։
Մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող թշնամական այսօրինակ գործողությունները ոճրագործություն են ոչ միայն Արցախի հայության նկատմամբ, այլև բացահայտ մարտահրավեր՝ ուղղված քաղաքակիրթ ողջ աշխարհին և միջազգային իրավասու կազմակերպություններին:
Կոչ ենք ուղղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցող պետությունների առաջնորդներին՝ ազդու միջոցներ գործադրել և սթափության կոչել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգելու և կյանքի կոչելու Միջազգային արդարադատության դատարանի ս.թ. փետրվարի 22-ի միջանկյալ և հուլիսի 6-ի եզրափակիչ որոշումները, պարտադրելով հրաժարվել բիրտ ուժի և ցեղասպան գործողությունների միջոցով խնդիրները կարգավորելու գործելաոճից:
Տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել ի հաշիվ Արցախի ժողովրդի բնաջնջման կամ նրա խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի հիմնարար իրավունքների ոտնահարման:
Խորապես մտահոգված Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումով՝ կոչ ենք անում գործող իշխանություններին չհրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններից և համախմբել պետական ու ազգային ողջ հնարավորություններն ու ներուժը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ապահով, անվտանգ, ինքնիշխան կյանքի։
Արցախը և արցախահայությունը կյանք ու ապագա չունեն ցեղասպանությունը պետական քաղաքականություն հռչակած Ադրբեջանի կազմում։
Հորդոր ենք ուղղում մեր սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ողջ դասին, որպեսզի ազգային-եկեղեցական կառույցների իրավասու ներկայացուցիչների հետ ձեռնամուխ լինեն իրենց երկրների պետական, եկեղեցական, դիվանագիտական, հասարակական և լրատվական շրջանակներում ներկայացնելու ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր կացությունը՝ հասնելու համար Արցախի մեր ժողովրդի կենսական իրավունքների իրագործմանը և անվտանգ կյանքի ապահովմանը:
Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին՝ հնարավոր բոլոր միջոցներով և ճանապարհներով միանալ Արցախի փրկության սրբազան գործին:
Աղոթում ենք Արցախի մեր ժողովրդի համար և հայցում Տիրոջ պահպանությունն ու զորակցությունը Արցախի մեր քույրերին ու եղբայրներին՝ ոգով աննկուն մնալու և վճռականությամբ ու միաբանությամբ հաղթահարելու ստեղծված ծանր իրավիճակը և ծառացած հիմնախնդիրները։
Թող Երկնավոր Տերը խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի համայն մեր ժողովրդի ջանքերը հանուն Արցախի և Հայաստանի բարօրության. Ամեն: