Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR431.86

RUB4.32

Երևան 11 ℃

Рус Eng

Հումանիտար ծանր իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում սովի աճող ռիսկերը պահանջում են միջազգային հանրության արդյունավետ և անհապաղ արձագանքը․ ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստան

3 Օգոստոսի 2023, 23:01

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանություն» օրակարգի կետի ներքո ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկմանը: 

Բաց քննարկումը նախագահում էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ զեկույցով հանդես է եղել ՄԱԿ Սովի կանխարգելման և արձագանքման համակարգող Ռինա Գելանին:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, մասնավորապես, նշել է. 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին՝ նման առօրեական թեմայի շուրջ բաց քննարկում հրավիրելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ՄԱԿ-ի սովի կանխարգելման և արձագանքման համակարգող Ռինա Գելանիին և մյուս հեղինակավոր զեկուցողներին՝ հակամարտության իրավիճակներում պարենային անվտանգության ամրապնդման միջոցով սովի կանխարգելման և հաղթահարման ուղիների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնելու համար:

Սովը պատմության ընթացքում բազմիցս օգտագործվել է որպես պատերազմի և ցեղասպանության միջոց: Բայց այսօր ես չեմ պատրաստվում անցյալից օրինակեր հիշել կամ գնահատել հակամարտության համատեքստում սովի հետագա ռիսկերը։ Փոխարենը ես Խորհրդի ուշադրությանը կներկայացնեմ մի իրողություն, որը տեղի է ունենում հենց այս պահին. մի իրավիճակ, երբ մարդիկ չգիտեն, թե արդյոք կկարողանան իրենց նորածինների համար մանկական սնունդգտնել, երեխաների համար մի կտորհաց հայթայթել կամ ծանր հիվանդ հարազատներին դեղորայքով ապահովել։

Մինչ մենք այստեղ ենք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի գույությունը լուրջ սպառնալիքի տակ է՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից գործադրվող լիակատար շրջափակմամբ։ Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհի  արգելափակումը: Այս ապօրինիև անմարդկային գործողությունը բացահայտ ոտնահարում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Ընթացիկ տարվա հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից ցանկացած մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցումը հանգեցրել է սննդի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների լրջագույն պակասի՝ ստեղծելով ծայրահեղ հումանիտար ճգնաժամ: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումները կաթվածահար են արել սոցիալական և առողջապահական ծառայությունները և տրանսպորտային համակարգը՝ զրկելով պաշարված ժողովրդին իրենց՝ հիմնարար մարդու իրավունքներից:

Շրջափակումը հատկապես աղետալի ազդեցություն է թողնում բնակչության առավել խոցելի խմբերի վրա։ Հիմնական սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է գոյատևելու թերսնման, տարրական պարագաների և դեղամիջոցների բացակայության պայմաններում:

Ավելին, Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին՝ ընդլայնելով բնակչությանը սով պարտադրելու իր ակնհայտ գործողությունները։

Տեղում վատթարացող իրավիճակի վերաբերյալ նախազգուշացրել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ միակ միջազգային մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 25-ի իր հայտարարությամբ մտահոգություն է հայտնել օրեցօր ավելացող մարդասիրական կարիքների կապակցությամբ և ընդգծել, որ ներկայումս ի վիճակի չէ Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը՝ շեշտելով, որ իր մարդասիրական օգնության շարասյունները փրկօղակ են տեղի ժողովրդի համար։ Դրանից 3 օր անց Ադրբեջանը առևանգում է ԿԽՄԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի ձերբակալությունը, ում տեղափոխումը նախապես համաձայնեցված է եղել Ադրբեջանի հետ, սոսկ նենգություն չէ, այլ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ աշխատանքը խոչընտոդելուն ուղղված մանրամասն ծրագրված քայլ:

Առավել խոցելի խավերի կյանքի փրկությանն ուղղված կարիքները հոգալու նպատակով հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղ մատակարարել շուրջ 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և բժշկական պարագաներ: Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին՝ կազմակերպելու մարդասիրական օգնության առաքումը կարիքավորներին նույն կերպ, ինչպես իրականացվել է նախորդ ամիսների ընթացքում։ Սակայն մարդասիրական բեռը մինչ այժմ շարունակում է մնալ Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ ադրբեջանական կողմից դրա տեղափոխումը խոչընդոտելու և մերժելու պատճառով։

Տեղում տիրող հումանիտար ծանր իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում սովի աճող ռիսկերը պահանջում են միջազգային հանրության արդյունավետ և անհապաղ արձագանքը՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների լիարժեք և անվերապահ կատարումն ու լիակատար հարգանքը՝ մարդու միջազգային իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ:

Հուսով ենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունը, որում նա խորը մտահոգություն է հայտնել հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը, կլինի առաջին քայլը դեպի ՄԱԿ-ի՝ տեղում առավել ակտիվ ներգրավվածությանը: Այն անհրաժեշտ է առավել քան երբևէ: Անգործության գինը չափազանց բարձր է, և սովի միջոցով իրականացվող զանգվածային այս վայրագությունը անհրաժե՛շտ է և հնարավո՛ր է կանխել և դադարեցնել:

Մենք կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպությանը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումների անվերապահ կատարումը, Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերականգնումը և ՄԱԿ գործակալությունների ու ԿԽՄԿ-ի անվտանգ և անխափան հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում